Ռուս-թուրքական լարվածությունը չի փոխում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: Այս մասին հայ լրագրողների հետ առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրը սեփական անվտանգության քաղաքականությունն է ընտրել, եւ ՆԱՏՕ-ն հարգում է այդ ընտրությունը:

Հայաստանի հետ համագործակցության հիմնական փաստաթուղթն Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է: Նույնպիսի ծրագիր է համաձայնեցվել նաեւ Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է Վրաստանին. այս երկրի հետ այլ մեխանիզմներ են գործում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները:

«Այս բոլոր գործընկերային հարաբերությունները հավանության են արժանացել մեր 28 գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից: Այս ծրագրերից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ու տրամաբանությունն ունի: Դա նշանակում է, որ դրանք կապված չեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից»,- հայտարարեց Ապաթուրայը:

Պատասխանելով ԼՂՀ-ում խաղաղարարների տեղակայման մասին հարցին՝ Ապաթուրայը նշեց, որ այդպիսի զորքերի տեղակայումը կարող է քաղաքական կարգավորման բաղադրիչ դառնալ, բայց առայժմ այն չկա: «Դա նշանակում է, որ առայժմ վաղ է իրադարձությունների հնարավոր ընթացքը քննարկելը: Դրա փոխարեն հարկավոր է շարժվել կարգավորման ուղիով: Ես սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ հույս ունեմ, 2016 թվականի ընթացքում մենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդյունավետ երկխոսության ականատես կդառնան»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: