Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը սկսել է պաշտոնական հետաքննություն` պարզելու, թե որքանով է Ադրբեջանը կիրառում Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի դրույթները։ Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհուրդի պաշտոնական կայքէջից։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները մատնացույց են անում այդ երկրում օրենքի կամայական կիրառությունը` հիմնականում քննադատողների ձայները լռեցնելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով»,-ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հայտարարությունում։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստվում է ներկայացուցիչներ ուղարկել Ադրբեջան, որտեղ նրանք կփորձեն բացատրություններ ստանալ իշխանություններից երկրում Մարդու իրավունքների պաշտպանության կոնվեցիայի դրույթների իրականացման վերաբերյալ։

«Ինձ հատկապես անհանգստացնում է այն, որ երկրի ղեկավարության կողմից իշխանության չարաշահման արդյունքում մարդիկ զրկվում են իրենց ազատություններից։ Նման եզրակացության է եկել ՄԻԵԴ-ը Իլգար Մամեդովի գործի քննության արդյունքում։ Սա կոնվեցիայի լուրջ խախտում է»,-ասել է Յագլանդը։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսին ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Մամեդովի նկատմամբ քրեական հետապնդումը իրավական հիմք չունի, եւ նրան ազատազրկելու իրական նպատակն էր ստիպել նրան այլեւս չքննադատել կառավարությանը։ Չնայած ԵԽ գլխավոր քարտուղարի եւ Նախարարների կոմիտեի պարբերական կոչերին՝ անմիջապես ազատել նրան, Մամեդովը շարունակում է մնալ անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Կոնվեցիայի 52-րդ հոդվածով նախատեսվում է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կարող է սկսել հետաքննություն՝ պարզելու` արդյոք անդամ երկրներից որեւէ մեկում ներքին օրենքները երաշխավորում են Կոնվեցիայի պատշաճ կիրառությունը։

Այնուամենայնիվ նման հետաքնություններ ԵԽ-ն հազվադեպ է իրականացնում։ Յագլանդն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է նման նախաձեռնությամբ հանդես գալիս։