Հայ եւ հույն ժողովուրդների պատմությունը գրվել է արյունով, եւ այն լի է զոհերով։ Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը։
Հույն նախարարը նշել է, որ հայերի եւ պոնտացի հույների Ցեղասպանության 100-րդ տարելիցին կայացել են բազմաթիվ համատեղ միջոցառումներ։ «Ժողովուրդները, որոնք մոռանում են իրենց պատմությունը, մահանում են»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի ԶՈւ-ն շարունակում է խախտել Հունաստանի օդային եւ ծովային սահմանները եւ շարունակում են Կիպրոսի մի մասի օկուպացիան։ «Սակայն Հունաստանի զինված ուժերը հիանալի նախապատրաստված են եւ զարգացնում են իրենց համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ»,- նշել է նախարարը։
Շարունակելով ցեղասպանության թեման՝ նախարարը նշել է, որ Դավիթի ու Գողիաթի պատմությունը սովորեցնում է, որ միշտ չէ հաղթում մեծն ու ֆիզիկապես ուժեղը։ «Ուժեղ է նա, ում կողքին ճշմարտությունն է»,- նշել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ շատ խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ չնայած հզոր թուրքական լոբբին։ «Հայաստանը եւ Հունաստանն անցել են ցեղասպանության միջոցով, պայքարել են ուժեղ հակառակորդների դեմ։ Երբ ճշմարտությունը քո կողքին է, դու ուժեղ ես»,- ասել է նախարարը։



























