Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Հունաստանի հետ  ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը: 

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիսի հետ համատեղ ճեպազրույցում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ համագործակցության զարգացման համար առկա է անհրաժեշտ պայմանագրա-իրավական բազան: 

Այսօրվա բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները` ռազմական կրթություն, խաղաղարար գործունեություն, հատուկ նշանակության ջոկատների պատրաստում, ռազմա-տեխնիկական համագործակցություն:  Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների: Սեյրան Օհանյանը գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առկա իրավիճակին: 

Պանայոտիս Կամենոսն իր հերթին նշել է երկու եղբայր ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւորությունը:   «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը լավ կանդրադառնա նաեւ երկու երկրի տնտեսությունների վրա», -  նշել է նախարարը` հիշեցնելով խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի ասույթը: