Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Արցախ 4-րդ նրբանցք հասցեում գտնվող «Արցախ» հանրակացարանում, Հայկական կարմի խաչի ընկերության (ՀԿԽԸ) երիտասարդ կամավորները կբաշխեն սնունդ եւ հիգիենիկ պարագաներ Երեւանի հանրակացարաններում բնակվող 70 միայնակ ծերերի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԿԽԸ-ից, այս ակցիան կազմակերպվում է «Նրանք սպասում են մեզ...» քարոզարշավի շրջանակներում, որի փաթեթները բաշխվել են նաեւ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Շիրակ եւ Արմավիր մարզերի 330 տարեցների:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, Հայաստանում գրանցված 500.000 տարեց մարդկանց շուրջ 50.000-ը միայնակ ծերեր են, որոնց զգալի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` գոյությունը պաշտպանելով կառավարությունից ստացված կենսաթոշակով: Նրանցից առավել կարիքավոր մոտ 10.000 տարեցների համար սոցիալական պաշտպանության համակարգի միջոցով իրականցվում է սոցիալական, բժշկական եւ հոգեբանական աջակցություն, որն էլ միանգամայն անբավարար է թե’ քանակական չափանիշների, թե’ որակական հատկանիշների տեսակետից:

Կարմիր Խաչի երիտասարդ կամավորների ջանքերով 1995թ-ից իրականացվում է «Սոցիալ-հոգեբանական ծառայություն հանրակացարանաբնակ ծերերին» ծրագիրը, որում ընդգրկված են 400 միայնակ տարեցներ: Ծրագրի շրջանակներում երիտասարդ կամավորները    պարբերաբար կատարում են  այցելություններ, որոնք ներառում են տնային փոքր աշխատանքներ, սննդի փաթեթների տրամադրում, ծննդյան տոնակատարությունների կազմակերպում, թերթերի, ամսագրերի տրամադրում ու  ընթերցանություն եւ ամենամսյա սոցիալական ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

Այսօր շուրջ 1200 տարեցներ դեռ բնակվում են հանրակացարաններում եւ ունեն աջակցության կարիք: Այդ նպատակով ՀԿԽԸ նախաձեռնել է «Նրանք սպասում են մեզ…» կարգախոսով սոցիալական քարոզարշավ, որը  մեկնարկել էմարտի 1-ին եւ ամփոփվել ապրիլի 21-ին բարեգործական ճաշկերույթով: