Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցություններից մեկը՝ Հայոց համազգային շարժումը, սեպտեմբերի 24–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Մենք սկսել ենք Ազատության հրապարակը վերանվաճելու գործընթաց եւ այս իրազեկումը դրա բաղկացուցիչներից մեկն է»,-ասաց Մուսինյանը։ Նա նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ը պարբերաբար իրազեկումներ է ներկայացնելու Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ: «Իսկ թե ինչպես կպահի իրեն քաղաքապետարանը՝ մեզ բացարձակապես չի հետաքրքրում, քանի որ մենք  իրացնում ենք հանրահավաք անցկացնելու մեր սահմանադրական իրավունքը եւ  օրենքով սահմանված կարգով իրազեկում ենք ներկայացնում»,-նշեց Մուսինյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայացված իրազեկումը քննարկելու է վաղը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին քաղաքապետարանը մասամբ ի գիտություն չէր ընդունել Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու ՀՀՇ–ի իրազեկումը։ Հանրահավաքի համար ՀԱԿ–ին առաջարկվել է Մատենադարանի տարածքը, իսկ Ազատության հրապարակում թույլատրվել է անցկացնել միայն հանրահավաքին հաջորդող երթը։ Քաղաքապետարանի որոշումը ՀԱԿ-ը բողոքարկել էր Վարչական դատարանում: Դատարանը մերժել էր հայցը: ՀԱԿ-ը մտադիր է վարչական դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: