Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը:
«Կանադան մեզ համար կարեւորվում է որպես հզոր տնտեսություն եւ ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Նաեւ` որպես երկիր, որտեղ շատ բարյացակամ են վերաբերվել մեր հայրենակիցներին, եւ որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց երկրորդ հայրենիքը, դրսեւորվել` դրանով իսկ ծառայելով ե'ւ Կանադային, ե'ւ Հայաստանին»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը Կանադայի դաշնային եւ օրենսդիր իշխանությունների մակարդակով 2006թ. ճանաչելու որոշումը.«Մենք շնորհակալ ենք Կանադայի խորհրդարանին եւ կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած դիրքորոշման համար: Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ Կանադան այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանը եւ կառավարությունը այս հարցի վերաբերյալ միակարծիք են»-ասել է երկրի ղեկավարը:
Հարոլդ Ալբրեխթն տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատգամավորական խումբն աշխատանք է իրականացնում ոչ միայն խորհրդարանում, այլեւ ամբողջ երկրում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը եւ ջանում է հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է բոլոր ոլորտներում հայ-կանադական համագործակցությունն ավելի ակտիվացնելու, Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումները խրախուսելու անհրաժեշտությունը, որը, զրուցակիցների հավաստմամբ, կբերի նաեւ տնտեսվարման նոր մշակույթ: Կարեւորվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում կանադական փորձի կիրառումը, նաեւ` կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացումը:





























