Շվեդիայում Սուրբ Ծննդյան տոներին ավանդաբար Jansson’s Temptation անունով հատուկ կերակուրն են մատուցում։ Այն պատրաստվում է կտրատած կարտոֆիլից՝ անձրուկով ու սերուցքով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության ժամանակավոր հավատարմատար Մարտեն Էնբերգը։
Պատմելով Ամանորի շվեդական ավանդույթների մասին, դիվանագետը նշել է, որ շվեդների համար ամենակարեւոր տոնակատարությունը Սուրբ Ծնունդն է։ «Շվեդիայում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 24-ին։ Դա ընտանեկան տոն է։ Մենք պատրաստում ենք շվեդական ավանդական սուրբծննդյան ճաշ կամ ընթրիք, որը կոչվում է Սմորգասբուրգ (Smörgåsbord)։ Այն ներառում է մարինացված ծովատառեխ, հատուկ սուրբծննդյան խոզապուխտ, ձկնային կերակուրներ, մսային կերակուրներ, փոքրիկ նրբերշիկներ։ Մենք, իհարկե, զարդարում ենք տոնածառը, նվերները դնում ենք նրա տակ եւ Սանտա Կլաուսը գալիս է, որպեսզի նվերներ բաժանի երեխաներին։ Հետո մենք տոնական եղեւնու մոտ երգում ենք ավանդական ուրախ Սուրբծննդյան երգեր»,-նշել է Մարտեն Էնբերգը։




























