22-ամյա Ստեփան Պարոնիկյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Համալսարանն ավարտելուց հետո հասկացել է, որ սխալ մասնագիտություն է ընտրել, իրականում ուզում է դերասան դառնալ։ Մեծ բեմերի եւ էկրանի մասին դեռ չի համարձակվում երազել, բայց կերպարանափոխվելու առաջին քայլերն է անում։ Առայժմ սահմանափակվում է ծաղրածուի եւ Ձմեռ պապի կերպարներով։
Արդեն 4 տարի Ստեփանը երկակի, նույնիսկ եռակի կյանքով է ապրում. տարվա մեծ մասը նա ծաղրածու Պոնչոն է, Ամանորի օրերին` Ձմեռ պապը։ Ստեփանը չի հիշում, թե երբ է վերջին անգամ «Ստեփանի» կերպարով խնջույքի մասնակցել։
Երիտասարդն իր կենսակերպից չի դժգոհում, չի պատրաստվում աշխատել իր հիմնական մասնագիտությամբ, Պոնչոյի կերպարը նրա համար նորմալ եկամուտ է ապահովում, նաեւ ինչ–որ առումով` դերասանական փորձ։
«Ինձ ուրախացնում է այն, որ երեխաները, որոնք ինձ տեսնում են Պոնչոյի կերպարում, չեն ճանաչում, երբ ներկայանում եմ նրանց Ձմեռ պապի կերպարով։ Նշանակում է, որ վատ չեմ խաղում»,–ասում է երիտասարդ դերասանը։
Դեկտեմբերի 20-ին սկսվում է նրա ամենածանրաբեռնված շրջանը. ամեն օր, օրվա գրեթե բոլոր ժամերին այցելում է տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մանկատներ ու ռեստորաններ: Այս ժամանակաշրջանը Ստեփանի սրտով է. նրան գրեթե միշտ ուղեկցում է հմայիչ Ձյունանուշը։
Ստեփանը վստահեցնում է` առաջին հայացքից հեշտ թվացող այս աշխատանքն իրականում ամեն մեկը չի կարող անել։
«Նախ պետք է ինքդ համոզված լինես, որ դու իրական Ձմեռն պապ ես, միշտ լինես բարձր տրամադրությամբ եւ կարողանաս զբաղեցնել երեխաներին, եթե կեղծ խաղաս, երեխաները միանգամից կզգան»,– ասում է նա:
Դերասանական շնորհքը միակ ունակությունը չէ, որ պահանջվում է լավ Ձմեռ պապից։ Երեխաների հետ գործ ունենալիս, ասում է, համբերատար, մի քիչ էլ հոգեբան պետք է լինես։
«Ամեն անգամ փոքրիկներին երբ լքում եմ, սկսում են լացել, ձեռքերիցս բռնում են, որ դուրս չգամ, բայց կարողանում եմ մի կերպ համոզել, որ չլացեն ու հանգիստ սրտով կարողանամ գնալ մյուս պատվերիս»:
Երեխաներին հյուր գնալիս միշտ պետք է պատրաստ լինես նրանց «անհարմար» հարցերին պատասխանել` որտե՞ղ է ապրում Ձմեռ պապը, Ձյունանուշիկի հետ ինչպե՞ս է ծանոթացել, սիրահարվա՞ծ է արդյոք նրան եւ այլն։ Բայց հիմնական գլխացավանքը խնջույքի հարբած հյուրերն են։ 4 տարվա ընթացքում Ստեփանը սովորել է «ազատվել» իր դեմքը տեսնել ցանկացող, գլխարկը եւ վերարկուն հանել փորձող կպչուն հարբած հյուրերից, այնպես, որ այսքան տարիների ընթացքում ոչ մի երեխայի մոտ իր իսկության վերաբերյալ կասկածներ չեն առաջացել։
Ամենադժվարը, սակայն, երեխաների տրամադրությունը բարձրացնելն է այն ժամանակ, երբ Ստեփանն ինքն է տխուր։ Դա սովորաբար պատահում է մանկատներ, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների դպրոցներ այցելելիս։
«Անմիջապես ազդում է նաեւ իմ տրամադրության վրա: Երբեմն հազիվ եմ զսպում արցունքներս, մի կերպ ինձ այնպես եմ պահում, որ երեխաները դա չհասկական, բայց շատ եմ ուրախանում, որ կարողանում եմ գոնե որոշ չափով ուրախացնել նրանց»,-ասում է նա:
Նոր տարին Ստեփանը դիմավորում է ուրիշների տանը օտար մարդկանց ուրախացնելով։ Երբ հարմար պահ է լինում, աննկատ զանգում է տուն, շնորհավորում հարազատներին այնպես, որ փոքրիկները հանկարծ չկասկածեն, որ Ձմեռ պապը հայրիկ եւ մայրիկ ունի։




























