Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ էմիրությունների միջեւ հիանալի հարաբերություններ կան, դրանք զարգացման լավ միտում ունեն հատկապես տնտեսության եւ առեւտրի ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին:

«Մենք հարգում ենք հայ ժողովրդին,  նրա հնամենի պատմությունը: Մեզ հայերի հետ հին հարաբերություններ են կապում, եւ դեսպանատան բացվելը առավել կօգնի զարգացնել  այդ հարաբերությունները: Մեր երկրները կոորդինացված քաղաքականություն են վարում: Մենք հայ ժողովուրդին բարեկամ ենք համարում: Երկու երկրների միջեւ զարգանում են տուրիստական հարաբերությունները: ԱՄԷ շատ քաղաքացիներ ամառը Հայաստանում են անց կացրել, եւ հիանալի ընդունելության արժանեցել, որի համար մենք շատ ուրախ ենք: Հուսանք, որ նոր տարում Հայաստան այցելող ԱՄԷ քաղաքացիների թիվն ավելի կշատանա: Մենք բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ՀՀ  կառավարության կատարած քայլերը, որոնք հեշտացնում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը:

Եվ դա իհարկե ոչ միայն կառավարության, այլ նաեւ հայ ժողովրդի շնորհիվ է: Մենք ողջունում ենք դա: Կարեւոր է իհարկե նաեւ այն, որ ԱՄԷ-ում կա հայկական համայնք, որը վաստակել է մեր հարգանքը: Համայնքն  աշխատանք է ծավալում մեր պետության տարբեր ոլորտներում եւ իր գործունեությամբ արժանացել է այդ հարգանքին»,- ասել է դեսպանը: