Յուրաքանչյուր անգամ Հայաստանում հիստերիա է բարձրանում գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին լուրերից հետո։ Քչերն են այդ ընթացքում հաշվի առնում, որ էժան գազի դիմաց երբեմն քաղաքական զիջումների ենք գնում մեր ռազմավարական դաշնակցին։ Ի վերջո՝ Ռուսաստանը Հայաստանի հումքային կցորդը չէ, իսկ մեր ազգային գիտակցության մեջ էժան գազի մշտական ակնկալիքների ամրապնդումը սկսում է հիվանդագին բնույթ ստանալ։
Անշուշտ՝ գազի թանկացումը ունի մի շարք սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքներ, բայց դրանք մահացու չեն։
Շնորհիվ էժան գազի՝ Հայաստանը գազիֆիկացվեց համարյա 99 տոկոսով՝ գերազանցելով զարգացած եվրոպական երկրներից շատ-շատերին։ Սակայն թանկ գազի պայմաններում էներգետիկ հաշվեկշիռը աստիճանաբար սկսում է փոխվել էլեկտրաէներգիայի օգտին, ինչի վկայությունն է վերջին ամիսներին գազի սպառման ծավալների կրճատումը եւ էլեկտրաէներգիայի արտադրության աճը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում լայն թափով զարգանում է հիդրոէներգետիկան, իսկ ջերմային 2 խոշոր կայաններում տեխնոլոգիական լուրջ փոփոխություններ են կատարվել, կարելի է հուսալ, որ բոլոր դեպքերում էլեկտրաէներգիայի սակագնի աճը էապես կզիջի գազի սակագնի աճին։ Դա առնվազն մինչեւ նոր ատոմակայանի կառուցումը, որն արդեն սկսելու է թանկ էլեկտրաէներգիա արտադրել։ Նշենք, որ կառավարությունը ցանկանում է ատոմակայանի կառուցման ծախսերը հատուցել 20 տարում, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան վաճառվի կՎտ-ը 25 ցենտով, կամ ներկա փոխարժեքով՝ 92 դրամով։ Բայց դրա համար դեռ պետք է սպասել մի քանի տարի, քանի որ լավագույն կանխատեսումներով 2016 թ.-ից շուտ նոր ատոմակայանը կառուցված չի լինի։
Երբեմն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գազի սակագնի բարձրացմամբ։ Չէ՞ որ այդ սակագնի կառուցվածքում 16,67 տոկոսը ավելացված արժեքի հարկն է, ու այն վճարվում է պետբյուջե։ Միայն 2010 թ. կառավարությունը գազի սակագնի բարձրացման շնորհիվ 5 մլրդ դրամի (13,5 մլն դոլար) լրացուցիչ եկամուտ ստացավ, սակայն միայն 3,2 մլրդ դրամ (8,6 մլն դոլար) հատկացրեց նպաստների ու թոշակների ինդեքսավորմանը։
Գազի սակագնից տուժում է նաեւ տնտեսությունը, հատկապես այն ճյուղերը, որտեղ գազը ինքնարժեքում կարեւոր բաղադրիչներից է՝ ցեմենտի արտադրություն, հացաթխում, ջերմոցային տնտեսություններ եւ այլն։ Բայց մի կարեւոր դիտողություն՝ տնտեսությունը առաջին հերթին տուժում է տեխնոլոգիական հետամնացությունից, եւ միայն երկրորդ հերթին՝ գազի թանկությունից։ Օրինակ՝ ցեմենտը Հայաստանում արտադրվում է հին, խորհրդային ժամանկների տեխնոլոգիաներով (այսպես կոչված՝ թաց արտադրություն): Այնինչ ամբողջ աշխարհն այսօր անցել է ցեմենտի արտադրության չոր տեխնոլոգիային, որտեղ 3 անգամ քիչ գազ է ծախսվում։ Տեխնոլոգիական հետամնացությունը, այլ ոչ թե գազի սակագինն է խփում հայկական արդյունաբերության մրցունակությանը։ Ինչ-որ առումով՝ հնարավոր է՝ էներգակիրների թանկացումը կստիպի մեր տնտեսվարողներին ավելի ժամանակակից ու խնայողական տեխնոլոգիաներ կիրառել։
Սամվել Ավագյան





























