Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին անց է կացրել նիստ «Հարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները եւ այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները» օրակարգային հարցով:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, թե «մտադիր ենք համատեղ ուժերով վերստին անդրադառնալ տարածաշրջանի առկա իրողություններին` հստակեցնելու համար օրենսդիր ու գործադիր իշխանության եւ երկրում գործող քաղաքական ուժերի պատկերացումներն ու տեսակետները ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ, ճշտելու մեր բոլորի առաջիկա անելիքներն այդ ուղղությամբ»:
Նիստում քաղաքական ուժերի տեսակետները ներկայացրել են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը, ՀՅԴ-ի Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂ կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Հրանտ Մելքումյանը, Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից` պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Վիտալի Բալասանյանը եւ Սերգեյ Ղազարյանը, քաղաքական վերլուծաբաններ Հրաչյա Արզումանյանը եւ Դավիթ Բաբայանը, արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եւ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Բոլոր ելույթներում միասնական է եղել այն տեսակետը, որ ԼՂՀ-ն` որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության իրական կողմ, անպայմանորեն պետք է լիարժեք ու լիիրավ մասնակից դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին եւ որ առանց հաշվի առնելու երկրի ժողովրդի կամքն ու իշխանությունների դիրքորոշումը, հազիվ թե հնարավոր լինի հասնել խնդրի վերջնական եւ արդարացի հանգուցալուծման: Հնչել են նաեւ մի շարք գործնական առաջարկություններ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, ինչպես եւ հասարակական-քաղաքական ուժերի առաջիկա անելիքների վերաբերյալ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քարոզչական աշխատանքների ընդլայնման եւ այդ ուղղությամբ ռեսուրսների համադրման անհրաժեշտությանը:





























