Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունի փոփոխության խնդրի լուծման առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը պարզաբանումներ է խնդրել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից:
Հիշեցենք, որ այս վտակի հունը փորձում էին փոխել դեպի Եղեգնաձորի Աղնջաձոր համայնք` ՀԷԿ կառուցելու նպատակով, սակայն բարձրացված աղմուկից հետո այդ ծրագիրը ձախողվեց, իսկ գյուղացիներին հանգստացրին` «բացահայտելով», թե շինաշխատանքները ուղղված են ոռոգման նպատակով ջրառ իրականացնելուն, ինչը արվում էր նախատեսված հողատարածքի համար պահանջվող քանակից երեք անգամ ավելի: Ու թեեւ Սեւանա լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը տվել է վերջնական եզրակացությունը, սակայն բնապահպանության նախարարությունում դեռ քննարկվում է հարցը:
Արամ Հարությունյանն այս առնչությամբ ասաց. «Աշխատանքային խումբ է կազմվել, համապատասխան աշխատանքներ են կատարվել, տրել են եզրակացություն, այն մեր կողմից քննարկվել է, տրվել է Սեւանի հանձնաժողովին, որ վերջնական ջրօգտագործման թույլտվությունը կարողանանք կազմակերպել: Այսինքն` ջրօգտագործումը թույլատրվելու է` համապատասխան եղած ջրապահանջի, հողատեսքերի եւ այն աշխատանքային խմբի եզրակացության, որը տեղում աշխատել է եւ փաստացի համոզվել»:
Մեր հարցին, թե վերջնականապես, ե՞րբ են լուծում տալու այս խնդրին, նախարարը պատասխանեց . «Հարցը վերջնական լուծում արդեն իսկ ստացել է այն առումով, որ վիճելի հարցեր արդեն չկան»: Նշենք, որ գյուղացիները խնդրի լուծում ասելով` նկատի ունեն նաեւ ապօրինի շինության ապամոնտաժումը, նախարարն այս կապակցությամբ նշեց. «Այդ գործառույթներով օժտված չենք, սակայն այն վնասները, որ բնության հասցվել են, մենք պետք է վերականգնենք, ինչին հասնելու ենք»:





























