Ամանորի շեմին NEWS.am-ի հետ զրուցեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը: Զրույցը ծավալվեց փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու մասին՝ մեր իսկ գնումների օգնությամբ: Մեր ծախսած գումարը բումերանգով կվերադառնա մեզ՝ հարկերի եւ նոր գնողունակ պահանջարկի տեսքով:
Որոշ ժամանակ առաջ ձեր միությունը նախաձեռնել է ՓՄՁ-ներից գնումներ կատարելու տեղեկատվական արշավը: Արդյոք համարո՞ւմ եք, որ առանց դրա մարդիկ կանտեսեն փոքր խանութները:
Շնորհակալություն, որ նկատել եք, այո մեր ասոցիացիան թե սոցիալական ցանցերով, թե արտաքին գովազդակիր վահանակներով եւ այլ ինֆորմացիոն խողովակներով միշտ փորձում է մեր հայրենակիցներին կոչ անել գնումներ կատարել փոքր բիզնեսից եւ հայկական ապրանք արտադրողից կամ ծառայություն մատուցողից: Ցավոք, շատ դեպքերում մեր հայրենակիցները վազում են ավելի էժան առաջարկին, ավելի պարզ գնումներին, առանց երկար-բարակ մտածելու: Բայց, եթե մարդկանց մի պահ փորձում ենք կոչերով ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ այդ քո ամանորյա գնումներով դու ինքդ օգնում ես հենց քո երկրի բարգավաճմանը, քո հայրենակցի, հետեւաբար նաեւ՝ քո բարեկեցությանը, նրանք սկսում են վերահսկել իրենց գնումները:
Ամենապարզը, եթե ամեն օր կաթնամթերք, ծխախոտ, հաց կամ մեկ այլ առաջին սպառման ապրանք գնելիս, փորձում ենք սովորություն դարձնել գնումներ կատարել հենց մեր բակային խանութներից, ոչ խոշոր սուպերմարկետներից: Մենք անընդհատ բողոքում ենք մոնոպոլիաներից, մենաշնորհներից, բայց որպեսզի ամենապարզ մոդելը հասկանանք, որ այդ փոքր բիզնեսին մեր գնումներով աջակցելով մենք օգնում ենք, որպեսզի վերջինս ընդլայնվի նոր աշխատատեղեր ստեղծի, ավելի շատ հարկեր վճարի, որն անուղղակի կերպով վերադառնում է մեզ, մեր ծնողին՝ թոշակի տեսքով, մեր զինվորին, մեր բժիշկ կամ ուսուցիչ բարեկամին, որոնք նույնպես իրենց հնարավոր աշխատավարձի բարձրացումներով հետո վերադարձնում են մեզ, եթե դու վարսավիր ես, կամ ավտովերանորոգող կամ մեկ այլ ոլորտի մասնագետ, քո ծառայությունների առաջին սպառողը հենց քո հայրենակիցն է որին դու ինքդ ուժեղացնում ես քո գնումներով, որ քեզ վերադառնա: Մենք պետք է սովորենք, որ դա պարզ վերաբաշխման ֆունկցիա է եւ բոլորս պետք է աջակցենք մեկս մյուսին, որպեսզի բումերանգի էֆեկտով վերադառնա մեզ: Եթե մենք նայում ենք որ մի թուրքական ապրանքը մի քանի հարյուր դրամ էժան է մեր տեղականից վազում ենք դրան, առանց երկմտելու, հետո սկսում ենք բողոքել թե առեւտուր չկա վատ է ամեն ինչ: Ժամանակն է, որ ձգենք գոտիներս ու սկսենք շեշտադրում անել մեր տեղական արտադրողին մեր փոքր բիզնեսին օգնելով: Այդ մի քանի հարյուր դրամ կոնկրետ ապրանքի գծով տարբերությունը հետո մեր վրա շատ ավելի թանկ է նստում:
Այս պարզ մոդելը պետք է մտնի մեր արյան մեջ, իսկ դրա համար ամեն օր թմբկահարենք մասսայական մեդիաներով, սկսեն իրենց օրինակով վարակել պետական, տեղական ինքնակառավարման մարմինները՝ գնումներ կատարելով մեր հայ արտադրողից, խոսենք այդ մասին դպրոցներում, համալսարաններում եւ ձեւավորենք սպառման մշակույթ: Այսօր արդեն ուրախալի է, երբ կառավարությունը պարգեւատրումներ է անում հայկական ժամացույցներով, իսկ տխրեցնում է երբ քաղաքապետարանը մեր երեխաների համար քաղcրավենիքներ է գնում ինչ որ անհայտ ռուսական արտադրողից, կամ խաղահրապարակներ ներմուծում Չինաստանից, երբ դրա այլընտրանքը կա մեր ՓՄՁ-ների շարքերում եւ մեռնում է գնորդ չունենալու պատճառով:
Ամենակարեւորը մեզ բոլորիս պետք է, որ մեր երկրի հարկային եկամուտները լինեն դիվերսիֆիկացված, այսօր մեր ՓՄՁ-ն, կազմելով ակտիվ հարկատուների մոտ 90 տոկոսը, ապահովում է երկրի եկամուտների չնչին տոկոս: Այսինքն մի բուռ խոշոր հարկատու այնքան մեծ դերակատարում ունի, որին հենց վերահսկող մարմինները վերապահումով են մոտենում, երբեմն նաեւ վախվորած, սա լուրջ խնդիր է:
Կան մասնագիտացված փոքր կրպակներ (հիմնականում հացի, խմորեղենի, նաեւ մսի) որոնք ունեն հավատարիմ հաճախորդներ (որովհետեւ մոտ է, թարմ է, վաճառողը ծանոթ է եւ այլն): Արդյո՞ք դա բավարար չէ ՓՄՁ-ների կենսունակության համար:
Միգուցե գոյատեւելու համար բավարար է, բայց ինչպես արդեն նշեցի մենք բոլորս պետք է փորձենք գտնել մեզ անհրաժեշտ ապրանք կամ ծառայությունը, մեր տեղական գործարարի ստեղծածը, եթե մենք բոլորս ուզում ենք լավ ապրել: Հավատացեք այստեղ արդեն կապ չունի թե ով է ղեկավարում երկիրը, մենք ինքներս փորձենք դառնալ գիտակից սպառող, որ մեզ էլ մոտենան գիտակից սպառողներ: Սա պարզ շղթա է, իսկ մեկ պահի, կամ մեկ ապրանքի ազդեցության տակ մի քանի հարյուր դրամի գայթակղությամբ մոռանում ենք այս շղթայի մասին:
Շատ սպառողներ գերադասում են խոշոր խանութները ոչ միայն ժամանակի (ամեն ինչը՝ մեկ տեղում) այլեւ պայմանների պատճառով (ինչը նույն մսի կամ կաթնամթերքի համար շատ կարեւոր է): Փոքր խանութներից շատերը միշտ չէ, որ բավարար սառնարանային հզորություն ունեն: Արդյոք այս հարցը լուծելի՞ է:
Ճիշտ եք ասում շատ դեպքերում, երբ մենք խնդրում ենք մեր ընկերներին գնալ ավելի փոքր խանութ, օրինակ պատճառաբանում են, որ մեծ սուպերմարկետներում ավելի հարմարավետ է, ամեն ինչ մեկ տեղում է, կամ ամենապարզը, այնտեղ կա բանկային քարտով վճարում անելու հնարավորություն, լավ են սպասարկում եւ այլն: Այո կան նման խնդիրներ, բայց այդ պատճառաբանությունները նման են մեր այն հայրենակիցների պատճառաբանություններին, որոնք ունեն գաղթական մտածելակերպ եւ սկսում են մեր երկիրը համեմատել ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրի հետ, մոռանալով որ հենց այդ երկրի քաղաքացիները հարյուրամյակներ արդեն աջակցել են իրենց տեղի արտադրողին եւ զարգացրել իրենց տնտեսությունը: Այո ճիգեր է պետք գործադրել, մի քիչ ավել ժամանակ ծախսենք, տնտեսական ապրանքները մի տեղից գնենք, մյուսը հարեւան խանութից, հետո խնդրենք հենց մեր ծանոթ խանութպանին, որ ավելի լավ սպասարկման պայմաններ մեր համար դարձնի եւ այլն: Սա պարզ մտածելակերպ է, որ մենք բոլորս հասկանանք որ մասնակից ենք մեր երկրի կայացման հարցում, այդ պարզ բաշխում-վերաբաշխում ֆունկցիային:
Կամ եթե նույնիսկ գնումներ ենք կատարում Ձեր նշած խոշոր խանութներից փորձենք մեկ երկու րոպե ավել ծախսենք ու կարդանք, թե այդ անձեռոցիկը, օճառը, օղին, քաղցրավենիքը հայկական արտադրողինն է թե ոչ: Իհարկե ցավալի է, որ մեր հայկական, օրինակ, կոնֆետ արտադրողի կողքին նույն որակի կոնֆետները մեզ հայտնի մաքսային թերհայտարարագրումների պատճառով հայտնեվել են ուկրաինական, ռուսական կոնֆետներ, որոնք ոչ մի կերպ օրինական ճանապարհով մեր շուկա հայտնվելու դեպքում չէին կարող մրցակցել մերոնց հետ: Դա այլ հարթության հարց է, որ մոտ ապագայում, հույս ունեմ, միասին կլուծենք: Բայց հենց մեր գնումներով այդ օտարերկրյա ներմուծվածը, մենք ոչ միայն նեղացնում ենք մեր հայրենակցին, մեր բարեկամին որն աշխատում է այդ հայկական գործարաններում եւ հետո վերադարձնում մեզ իր աշխատավարձը, այլ նաեւ ջուր ենք լցնում ապօրինությունների եւ օտարների ջրաղացին:
Այսօր վստահաբար կարող ենք ասել որ համարյա թե ամեն ինչի այլընտրանք կարելի է գտնել մեր հայ արտադրողից, չհաշված այն մրգերն ու մթերքները, որոնք մեր երկրի բնակլիմայական պայմանները մեզ թույլ չեն տալիս:
Արդյոք ձեր կոչը վերաբերում է փոքր խնաութների՞ն, թե՞ նաեւ բացօթյա (շատերի անվանմամբ՝ փողոցային) առեւտրին, որտեղ սոցցիալական հարցը եւս սուր է:
Իհարկե ոչ, մենք ինքներս դեմ ենք ցանկացած ապօրինություններին, այդ թվում այդ մի քանի օրով հարց լուծողներին, որոնք դուրս են գործում թե հարկային դաշտից եւ վնասում են հենց մեր փոքր բիզնեսին, որն ամբողջ տարի սպասել է հենց այս մի քանի տոնական օրերի բարձր առեւտրաշրջանառությանը:
Ես ներողություն եմ խնդրում մեր փոքր բիզնեսի մեծամասնություն կազմող առեւտրական գործունեություն ծավալողներից, բայց ես ինքս չեմ համարում, որ առեւտրի ոլորտը այն լուրջ ոլորտն է որտեղ մենք խրախուսումներ անենք: Իհարկե հասկանում եմ, որ ներմուծում-վաճառքով հնարավոր է արագ փողեր աշխատել, բայց այդ գործարարները պետք է գիտակցեն, որ այդ ոլորտը ամենաթույլն է, ցանկացած ավելի շատ փող ունեցող մեկը կարող է մտնել հենց այդ ապրանքի ոլորտ, սկսի նույն դրսի մատակարարից ավելի էժան գնով վերցնել եւ ավելի էժան հասցնել եւ դուրս մղել նախորդին: Այսօր արդեն դրա ականատեսը լինում ենք ռուսական խոշոր ներմուծողները, նույն չինական, կորեական ապրանքներն ավելի էժան ներմուծում են ԵՏՄ շուկան, որոնք հայտնվում են մեր մոտ՝ դուրս մեղելով մեր հայ փոքր ներմուծողներին: Ժամանակն է, որ մեր այն ՓՄՁ-ները, որոնք այսօր դեռեւս կարողանում են ներմուծում-վաճառքով արագ փողեր աշխատել, ուղղորդեն այդ գումարները ինչ որ արտադրություն սկսելու համար, որտեղ կունենան հեղինակային իրավունք եւ կլինեն ավելի մրցունակ, կլինեն ավելի նորարար, քանի դեռ հնարավորություն ունեն: Իմ կանխատեսումներով մանրածախ առեւտրի ոլորտը գնալով մեռնելու է եւ կենտրոնանալու է խոշոր կենտրոններում, բացառությամբ միգուցե բակային մթերային, խառը առաջին սպառման ապրանք վաճառողների: Իսկ վերջիններիս էլ կխնդրեմ ուշադրություն դարձնեն իրենց խանութների սպասարկման որակին, հարմարավետությանը եւ այլն: Ես ինքս էլ, որպես սպառող, այսօր բախվում եմ բազմաթիվ խնդիրների, երբ գնումներ եմ կատարում փոքր կամ միջին խանութներից՝ ալարում են սպասարկեն, ճիշտ չեն շարում ապրանքները, բանկային քարտերի վճարման համակարգ չունեն, չեն հետեւում իրենց շրջապատի պահանջարկին՝ չապահովելով անհրաժեշտ ապրանքներով եւ այլն: Խնդրում եմ ժամանակ տրամադրեք, մի ափսոսացեք գումարներ ծախսեք կարդացեք ուսումնասիրեք պարզ մարքեթինգային հմտություններ, վերջապես վաճառելը դա լուրջ գիտություն է:
Եթե մեկ բակի՝ 4-5 բնակելի շենքի ամեն ընտանիք օրական գոնե 500 դրամի գնում կատարի տեղի կրպակից, նա կկարողանա՞ գոյատեւել:
Դե եկեք շատ պարզ արագ հաշվարկ կատարենք, եթե մեկ ինը հարկանի շենքում կա մոտ 50 բնակարան ամեն բնակարանին բաժին հանենք երկու հաց Ձեր ասած օրեկան մոտ 500 դրամ արժողությամբ,ստացվում է մեր հարեւան խանութից մենք գնում ենք 25000 դրամի հաց, որի մոտ 2500 դրամն է որպես 10 տոկոս վերադիր մնում խանութին՝ 2500 դրամ օրեկան, իսկ ամսական 75000 դրամ: Արդեն այս թիվը հուշում է, որ այդ խանութը չի կարող գոյատեւել միայն հաց գնելով՝ հարկեր, կոմունալ վարձեր եւ այլն:
Իսկ վերջում օգտվելով առիթից Շնորհավորում եմ մեր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, եւ եւս մեկ անգամ խնդրում գնումներ կատարեք փոքր եւ միջին բիզնեսից:
Մտածեք ինքներդ Ձեր բարեկեցության մասին եւ գնումներ կատարեք հայկական ապրանք արտադրողից կամ ծառայություն մատուցողից:




























