Երեւանի ավագանու խորհրդում  աննախադեպ մշակութային ավանդույթներ են ձեւավորվում:  Թերեւս պատճառը խորհրդում մշակութային դեմքերի ներկայությունն է, ինչն էլ  Գագիկ Բեգլարյանին  գեղեցիկ գաղափարներ է հուշում:  NEWS.am-ի տեղեկություններով Գագիկ Բեգլարյանի մտահղացմամբ, ավագանու խորհրդի անդամ, կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանն իր թատրոնում ինչ-որ ներկայացում է բեմադրել ու հրավիրել միայն կոլեգաններին` իրենց տիկնանց հետ: Ներկայացումից հետո բանկետ է եղել ու ԲՀԿ-ական, ՀՀԿ-ական ավագանու անդամները քաղաքապետի գլխավորությամբ ջերմ ու սիրալիր մթնոլորտում  եզրափակել են ռոմանտիկ հրավերը: NEWS.am-ի  աղբյուրները չեն բացառում, որ այս ժամանցը նվիրված է ԲՀԿ-ՀՀԿ անդամների մերձեցմանը:

Հիշեցնենք, որ այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները Երեւանի Ավագանու աշխատանքային առաջին իսկ օրերից իրար հետ «յոլա» չէին գնում եւ աշխատանքային լարված մթնոլորտից հետո դժվար էր պատկերացնել ռոմանտիկ  երեկոներ: Բեգլարյանի հանդեպ առանձնակի ջերմությամբ է լցված եղել ու հետագայում համերաշխ աշխատելու խոստումներ շռայլել հատկապես ԲՀԿ խմբակցության ապագա նախագահ  Գուրգեն Գասպարյանը: Հիշեցնենք, որ արդեն երեք ամիս է ավագանու խորհրդում ԲՀԿ խմբակցության նախագահի պաշտոնը թափուր է: