Արարատի մարզում տեղակայված N զորամասում այսօր` սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպին լուծում է տրվել եւ պայմանագրային ծառայություն իրականացնող զինծառայողները կրկին անցել են իրենց բնականոն ծառայությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը: Նա փոխանցեց ՊՆ պարզաբանումը տեղի ունեցածի կապակցությամբ: Ըստ այդմ. «Սեպտեմբերի 10-ին Արարատի N զորամասից մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողները ցանկացել են իրենց հետ մարտական հենակետ տանել սնունդ պատրաստելու համար նախատեսված շարժական գազօջախներ, ինչը արգելված է մարտական հերթապահության կրման եւ հենակետում հակահրդեհային անվտանգության պահպանման կանոններով: Գումարտակի հրամանատարը, ելնելով անվտանգության նկատառումներից, արգելել է պայմանագրային զինծառայողներին մարտական հենակետ տանել գազօջախները, ինչը առաջացրել է վերջիններիս դժգոհությունը եւ տարաձայնության պատճառ է հանդիսացել զորամասի հրամանատարության եւ պայմանագրային զինծառայողների միջեւ:
Միջադեպի կապակցությամբ զորամաս են այցելել բանակային զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները: Զորամասի անձնակազմի հետ զրույցից հետո միջադեպը հարթվել է: N զորամասի պայմանագրային զինծառայողները շարունակում են իրականացնել մարտական հերթապահությունը»:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում գտնվող թիվ 58837 զորամասում (այն հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Զանգակատան զորամաս»), դժգոհություն է բարձրացել: Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ զինվորները բողոքում են, որ եթե մինչ այսօր իրենց թույլ էին տալիս տնից սնունդ, ծխախոտ ու հագուստ բերել, հիմա զորամասի ղեկավարությունն արգելել է դա եւ նշել, որ զինվորները պետք է օգտվեն զինվորական ճաշարանից ու հանդերձանքից: Այս հանգամանքն էլ զինվորների շրջանում լուրջ բողոք էր առաջացել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























