Դոնալդ Թրամփը սպառնացել է հետ կանչել Շոտլանդիայում գոլֆի դաշտի համար կատարած 700 մլն ֆունտ ներդրումը, եթե նրան արգելեն մուտք գործել Բրիտանիա, հայտնում է Telegraph-ը:

Թրամփը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ իմացել է, որ բրիտանական խորհրդարանը քննարկում է այդ տարբերակը: Թրամփին Բրիտանիա մուտք գործելն արգելելու հարցը քննարկվում է նրա այն հայտարարությունից հետո, թե մուսուլմաններին անհրաժեշտ է արգելել մտնել ԱՄՆ:

Թրամփի գրասենյակից հայտնել են, որ Բրիտանիայի խորհրդարանի կողմից ցանկացած նման որոշում տհաճ ուղերձ կլինի, որ Մեծ Բրիտանիան արգելում է խոսքի ազատությունը:

Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չի համաձայնել խորհրդարանի այդ առաջարկին եւ նշել է, որ Թրամփը պետք է Բրիտանիա մուտք գործելու իրավունք ունենա, որպեսզի հասարակությունը կարողանա տեղում վիճարկել նրա կարծիքը: