Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում հային պատկանող օպտիկայի խանութը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է կողոպտվում։

LA Times-ի փոխանցմամբ, մի խումբ կողոպտիչներ նախօրեին առավոտյան ներխուժել են խանութ եւ շուրջ 100 հազար դոլարի ապրանք գողացել։ Blue Eyes Optical խանութի մենեջեր Գոռ Վարդանյանի խոսքով, առավոտյան ժամը 5-ին կողոպտիչները գողացել են տասնյակ ակնոցներ եւ Lamborghini բջջային հեռախոսներ։ Ականատեսները ոստիկաններին պատմել են, որ կողոպտիչները եղել են սեւ ամենագնացով եւ կապույտ Nissan մեքենայով։ Յոթ գողերը հասցրել են փախուստի դիմել մինչեւ ոստիկանների գալը։

Նշենք, որ նույն խանութից մարտին կողոպտիչները շուրջ 160 հազար դոլարի ապրանք էին գողացել։ Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք երկու գողությունները կապ ունեն միմյանց հետ։ Երկու դեպքով էլ քննություն է ընթանում, Վարդանյանը 5 հազար դոլար է խոստացել կողոպտիչների մասին տեղեկությունների համար։