Գերմանիայի դաշնային հանրապետության փոխկանցլեր, էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կողմ է արտահայտվել իրավախախտ միգրանտների արտաքսմանը:

Bild թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Քյոլնում կատարված իրադարձությունների համատեքստում անհրաժեշտ է դիտարկել ապաստան փնտրող իրավախախտներին հայրենիք ուղարկելու հնարավորությունը, որպեսզի նրանք իրենց հայրենիքում կրեն իրենց պատիժը: «Ես այսպես ասեմ. Հարցագործների ու սեքսուալ հարձակումների նկատմամբ հանդուրժողականությունն անտեղի է »,- շեշտել է նա: Պետությունը պետք է տվյալ դեպքում ուժ ու գործելու ունակություն դրսեւորի, համարում է Գաբրիելը:

Եթե պետությունը, օրինակ Աֆրիկյան պետությունը, հրաժարվում է հետ ընդունել «դատապարտված ու ԳԴՀ-ում ապաստան ստանալու հարցում մերժում ստացած իր քաղաքացիներին», ապա տվյալ երկրի իշխանություններին պետք է ընտրության առաջ դնել՝«Կա՛մ դուք պատասխանատվություն եք կրում ձեր քաղաքացիների համար, կա՛մ էլ մենք կրճատում ենք ձեր օգնությունը »,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ հայրենիքում ճաղերի հետեւում հայտնվելու հեռանկարը պոտենցիալ իրավախախտների վրա ավելի ուժեղ է ազդում, քան գերմանական բանտ նստելու սպառնալիքը:

Քյոլնում ամանորյա գիշերը «արաբական ու հյուսիսաֆրիկյան արտաքինով » մոտավորապես հազար երիտասարդ էր հավաքվել: Բաժանվելով խմբերի, նրանք հարձակվել են աղջիկների ու կանանց վրա, հրավառություններ նետել ամբոխի վրա, չլսելով իրավապահների կարգադրությունները: Ոստիկանությունն արդեն ավելի քան 120 դիմում է ստացել տուժածներից: Բացառված չէ, որ հանցագործների շարքերում կարող էին նաեւ փախստականներ լինել: Ամեն ինչ կատարվել է Քյոլնի կենտրոնական կայարանի ու տաճարի միջեւ գտնվող հրապարակում, հայտնում է ՏԱՍՍ-ը: