Սեպտեմբերի 10-ին AVAG Solutions խորհրդատվական ընկերությունը Երեւանում ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի ազգային զեկույցը»։
Ընկերության ներկայացուցիչ Նաիրուհի Ջրբաշյանի խոսքով, Հայաստանը հռչակագրում արտացոլված ութ նպատակներից միայն երկուսի դեպքում կկարողանա ապահովել բարելավված ցուցանիշներ։
«Հազարամյակի զարգացման երկու նպատակ՝ պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ, եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովում, իրենց բոլոր թիրախներով, կարծես թե, պրոբլեմային չեն, եւ երկիրը կարող է 2015-ին հասնել դրված թիրախներին: Հազարամյակի զարգացման մնացյալ նպատակների թիրախները կամ դժվարությամբ հասանելի կլինեն, կամ, ամենայն հավանականությամբ, հասանելի չեն լինի, եւ շատ կարեւոր է հոգածության ցուցաբերումը դրանց իրականացման համար», - ասել է Ջրբաշյանը:
Նկատենք, որ Հազարամյակի զարգացման մնացած վեց նպատակներն են՝ ծայրահեղ աղքատության եւ սովի վերացումը, տարրական համընդհանուր կրթության ձեռքբերումը, գենդերային հավասարության օժանդակությունը եւ կանանց լիազորությունների ընդլայնումը, երեխաների մահացության նվազեցումը, մայրական առողջության բարելավումն ու զարգացման համար գլոբալ համագործակցության ստեղծումը։
Այդուհանդերձ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը չի կիսում զեկույցում նշված տեսակետը, թե շրջակա միջավայրի պահպանության խնդրում բարելավման ցուցանիշներ կան: «Հատկապես անտառների հարցով մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Սեւանա լճի մակարդակը մենք կապահովենք, բայց ջրի որակը մեծ հարցականի տակ է։ Այստեղ խնդիրներ կան եւ քննարկման լուրջ նյութ կա, որ ապագա զեկույցներում ավելի ռեալ թվեր ներկայացնենք», - ասել է Դանիելյանը։
Զեկույցը նաեւ փաստում է, որ լրջագույն մարտահրավերներից է մնում հասարակության բեւեռացումը՝ ամենաաղքատ եւ ամենահարուստ բնակչության եկամուտների միջեւ տարբերությունը ահռելի է, որի հիմնական պատճառներից մեկն է համարվում մենաշնորհների առկայությունը երկրի տնտեսության մեջ։
Նշենք, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների հռչակագրին» 2000 թվականին եւ 188 այլ երկրների հետ միասին մինչեւ 2015 թվականը պարտավորվել որոշակի առաջընթաց ապահովել հռչակագրում նշված 8 նպատակների, հատկապես՝ աղքատության եւ անհավասարության կրճատման գործում։




























