Հունվարի 9-ին Ղազախստանի զինված ուժերը մարտական պատրաստության  բարձրագույն աստիճանի են բերվել:   Ուսումնական տագնապի ազդանշանով ոտքի են հանվել ՌՈՒ-ի բոլոր  տեսակները,  ինչպես նաեւ շրջանային հրամանատարության զորքը, տեղեկացնում է  «ԿԱԶԻՆՖՈՐՄ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: 

Անցկացվող զինավարժությունների գլխավոր նպատակը կառավարման մարմինների եւ անձնակազմի գործողությունների կարգավորվածության բարձրացումն է եւ սահմանված ժամկետներում տրված առաջադրանքների իրականացումը:  Օդային պաշտպանության ուժերի կազմից օդ են բարձրացվել մարտական հերթապահություն իրականացնող ուժեր եւ միջոցներ, իրականացվել է տարբեր տեսակի ավիացիոն տեխնիկայի շարժիչների գործարկում, օգտագործման են նախապատրաստվել պահեստային օդանավակայաններ:    Հակածովային, հակաօդային եւ հակասուզանավային-դիվերսիոն պաշտպանության ուսումնական խնդիրների իրականացման համար ծով են դուրս բերվել Ռազմածովային ուժերի նավեր: