Արգենտինական առագաստանավը, որը ջրասույզ էր եղել XIX դարում ռազմական գործողությունների ընթացքում, հայտնաբերվել է Բուենոս Այրեսի նահանգում Պարանա գետի խորքում: Գտածոյի մասին տեղեկացրել են Սան Պեդրոյի հնէաբանական թանգարանի եւ տեղի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
«Ռեպուբլիկանո» նավը ջրասույզ է եղել 1845-ին Օբլիգադո քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, որտեղ Արգենտինան կռվում էր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բանակների դեմ: Ճակատամարտը մաս էր կազմում ֆրանսիական ուժերի կողմից Ռիո-դե-Լա-Պլատայի շրջափակման, որը հետեւանք էր Ուրուգվայում քաղաքացիական պատերազմի (1839 – 1851), որում եվրոպական երկու տերությունը եւ Արգենտինան հակամարտության տարբեր կողմերի էին պաշտպանում: Անգլո-ֆրանսիական ծովային ուժերը զգալիորեն գերազանցում էին արգենտինականները եւ երբ «Ռեպուբլիկանոյի» նավապետ Թոմաս Քրեյգը հասկացել է, որ նավի գրավումն անխուսափելի է, որոշել է այրել նավը:
Այն վայրի մոտակայքում, որտեղ տրվել էր հրամանը, 170 տարի անց հայտնաբերվել են նավի մնացորդները, պատմել է հնէաբանական թանգարանի տնօրեն Խոսե Լուիս Ագիլարը եւ Սան Պեդրո քաղաքում Ֆոլքլենդյան պատերազմի վետերանների ղեկավար Խավյեր Ուբեր Սուսեդոն: Իմիջիայլոց, արշավի մեկնելիս նրանք չէին կարող նույնիսկ պատկերացնել, որ այդքան կարեւոր պատմական բացահայտում են անելու: Հետազոտողների խնդիրն էր նկարահանել գետի հատակը թանգարանի համար նյութ նախապատրաստելու համար: Ինչ մեծ զարմանք ապրեցին, երբ հիդրոտեղորոշիչի էկրանին տեսան մոտ 10 մետր երկարությամբ նավի հիմնակմախքի մի մասը: Համոզվելու համար, որ մնացորդներն իրոք պատկանում են «Ռեպուբլիկանոյին», գիտնականները օգնության համար դիմել են Արգենտինայի ռազմածովային ուժերին: Իրականացված անալիզը հաստատել է, որ հատակին հենց անգլո-ֆրանսիական զորքի դեմ ճակատամարտին մասնակցած նավն է: Ինչպես նշվել է մամուլի ասուլիսին, հավանաբար չի հաջողվի նավն ամբողջությամբ հանել գետի հատակից, սակայն հետազոտողները հույս ունեն մակերեւույթ բարձրացնել եւ թանգարանում ցուցադրել «Ռեպուբլիկանոյի» թնդանոթը կամ տախտակամածը, գրում է ՏԱՍՍ-ը:




























