Սարգսին եւ Հերմինեին (ազգանունը նշված չէ – խմբ.), ինչպես նաեւ նրանց փոքրիկին` Դավթին սպառնում է Ֆրանսիայից արտաքսում, գրում է ֆրանսիական տեղական  «Objectif Gard» պարբերականը:

Սարգիսն ու Հերմինեն Հայաստանից են, արդեն 7 տարի Ֆրանսիայում են ապրում:  «Բայց հրաժարվել են մեզ քաղաքական ապաստան տալ, որովհետեւ Հայաստանը ապահով երկիր է համարվում», - պատմում է Հերմինեն, որն արդեն հասցրել է ֆրանսերեն սովորել: 

Նրանք ապրել են Ֆրանսիայի հարավում գտնվող մի քանի քաղաքում, ինչից հետո եկել են Գարի դեպարտամենտում  (Լանգդոկում) գտնվող Մյալե գյուղ: Այնտեղ նրանք տեղավորվել են գյուղական քահանայի դատարկ տանը եւ ամեն տեսակ գործ են անում, հենց որ պատահի:   

«Մի անգամ ինձ նույնիսկ մշտական աշխատանք խոստացան բռնցքամարտի Գրան-Կոմբ կենտրոնում», - ասում է Սարգիսը: Սակայն նա աշխատանք չի ստացել, ընտանիքին օգնում են կաթոլիկական օգնությունից եւ այլ բարեգործական կազմակերպություններից ստացվող ուտելիքի գնման չեքերը: 

Դեկտեմբերին Սարգսի ձերբակալությունից հետո համագյուղացիները որոշել են գործել եւ աջակցության կոմիտե են ստեղծել: Նրանք սկսել են պատկան մարմինների շեմերը մաշել եւ հայկական ընտանիքի համար դրական բնութագրեր են գրում: 

«Նրանք մեր գյուղի մի մասն են եւ ուզում են նորմալ ապրել: Ահա Հերմինեն մեզ օգնում է մաքրության հարցով», - ասում է գյուղի բնակչուհի Ժաքլինը:  «Երբ անցյալ տարի  ալրաղացն էինք նորոգում, Սարգիսն էր օգնում մեզ», - ասում է համագյուղացի Կլոդը:   «Երբ բարեգործական ընթրիքներ ենք նախապատրաստում, Հերմինեն բոլորի հետ աշխատում է խոհանոցում», - հավելում է Լեոնը:

Իր գործի պատասխանին սպասելով` ընտանիքն ապրում է առօրյա հոգսերով: Սարգիսը շարունակում է վաստակը տուն բերել, իսկ  3 տարեկան Դավիթը շուտով մանկապարտեզ կգնա: