Ադրբեջանցի ճանապարհորդ եւ բլոգեր Յաշար Խուդիեւը, որը հեծանվային ճանապարհորդություն էր նախաձեռնել «Պտտիր ոտնակները հանուն ազատության» նշանաբանով, հարձակման է ենթարկվել: Այս պահին Խուդիեւը հիվանդանոցում է: Նրա գլխին 10 կար է դրվել, տեղեկացնում է Minval.az-ը` վկայակոչելով «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությանը:
«Իմ ձախ ձեռքը ջարդվել է: Թիկունքիս ոսկորներին ճաքեր են հայտնաբերվել, աջ ականջս համարյա խլացել է», - իր բլոգում գրել է ճանապարհորդը: Յաշար Խուդիեւի խոսքով, Քենիայի սահմանից 50 կմ հեռավորության վրա նրա վրա են հարձակվել մի խումբ մարդիկ, որոնք ծեծել են նրան, խլել հեծանիվը եւ այլ իրեր, իսկ փաստաթղթերն այրել են: «Նրանք ինձ քարշ տվեցին ջունգլիի խորքը, որ սպանեին: Այդ մարդիկ ծեծեցին ինձ, մոտ 10 անգամ քարով խփեցին գլխիս: Արյուն տեսնելով` մտածեցին, որ մեռած եմ», - գրում է ճանապարհորդը:
Յաշար Խուդիեւն ասում է, որ «քաղցած, արյունոտ եւ կիսագիտակից վիճակում» ինքը ողջ է մնացել` սնվելով վայրի հատապտուղներով եւ կեղտոտ ջրով: «Ես գտա ջունգլիից դուրս գալու ճանապարհը եւ նետվեցի դեպի հանդիպած առաջին մեքենան: Այդ մեքենայով ինձ հասցրեցին գյուղի հիվանդանոց», - գրել է ճանապարհորդը:
Խուդիեւը վստահեցնում է, որ իրեն լավ է զգում, իր ճանապարհորդությունն ավարտված է: Նա հեծանվային ճանապարհորդության էր դուրս եկել անցյալ տարվա մայիսին: Այդ ընթացքում անցել էր Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով, Բուլղարիայով, Ռումինիայով, Հունգարիայով, Ավստրիայով, Շվեյցարիայով, Գերմանիայով, Ֆրանսիայով եւ Իսպանիայով: Այդտեղից նա որոշել է ուղեւորվել Աֆրիկա: Յաշար Խուդիեւը կրթությամբ լրագրող է:




























