Գերմանիայի Քյոլն քաղաքում «Pegida» («Եվրոպացի հայրենասերներն ընդդեմ Հին աշխարհի») եւ «Քյոլնն ըդդեմ աջերի» շարժումների կազմակերպած ցույցի ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել երեք ոստիկաններ ու մեկ լրագրող, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղական Kölner Stadt-Anzeiger թերթը։
Պարբերականի տվյալներով, տեղի ոստիկանությունը բախումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն վիրավորվել է ոստիկան եւ լրագրող։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի վաղ թերթը հայտնել էր եւս երկու տուժած ոստիկանի մասին, որոնք անկարգությունների ժամանակ ակուստիկ վնասվածքներ էին ստացել։
Հունվարի 9-ին Քյոլնում տեղի ունեցած ցույցը դադարեցրել են ոստիկաններն այն բանից հետո, երբ երկու ակցիաների մասիանկիցներն սկսել են միմյանց վրա քարեր, շշեր ու պայթուցիկներ նետել։ Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ, ինչպես նաեւ ծառայողական շներ օգտագործել, որից հետո ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա։
Հարձակվողներն, ըստ ոստիկանության, եղել են 600 աջ ծայրահեղականներ, որոնք Քյոլն էին ժամանել գնացքով։ Ներկայումս նրանցից 450-ը ոստիկանության ուղեկցությամբ ուղարկվել են Դորտմունդի ուղղությամբ։ Քյոլնի կայարանը գտնվում է 300 ոստիկանների վերահսկողության տակ։




























