Իրանը համբերատարություն է դրսեւորում Սաուդյան Արաբիայի թշնամական քայլերի հանդեպ։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Չինաստանի ԱԳ փոխնախարար Չժան Մինի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը։

«Մինչ օրս մենք չենք պատասխանել Սաուդյան Արաբիայի բացասական միջոցառումներին, տեղի ունեցող իրադարձություններին վերաբերելով համբերատարությամբ, որովհետեւ շատ մեծ տարբերություն կա իրանական իմաստնության եւ Սաուդյան պաշտոնյաների տհաս մոտեցումների միջեւ»,-նշել է Զարիֆը՝ հավելելով, որ Թեհրանը չի ցանկանում հետեւել տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ճանապարհին։

Նշենք, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների լարվածությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ հունվարի 2-ին մահապատժի է ենթարկվել Սաուդյան Արաբիայի շիա աստվածաբան այաթոլլա Նիմրա ան-Նիմրան։ Վրդովված Սաուդյան Արաբիայի իշխանությունների այդ քայլից, իրանցի ցուցարարները հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը գրոհել են Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Թեհրանում եւ Մեշհեդում։ Ի պատասխան հունվարի 3-ին Սաուդյան թագավորությունը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, չնայած Իրանի ղեկավարությունը դատապարտել է հարձակումը դիվանագիտական ներկայացուցիչների վրա եւ կալանավորել հարձակվողներին։