Սիրիայում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի պատասխանատուն այն ուժերն են, որոնք արտաքինից պայքարում են նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild գերմանական պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 12-ին։
«Նա (Ասադը) չի ձգտում ոչնչացնել սեփական ժողովրդին, նա պայքարում է նրանց դեմ, ովքեր զենքով եկել են իր դեմ։ Իսկ եթե դրանից տուժում է խաղաղ բնակչությունը, ապա ես կարծում եմ, որ դրա համար պատասխանատու են առաջին հերթին նրանք, ովքեր օգնում են զինված խմբավորումներին։ Ես կարծում եմ, որ նախագահ Ասադը քիչ սխալներ չի գործել Սիրիայի հակամարտության ընթացքում։ Սակայն մենք ինքներս գիտենք, որ հակամարտությունը նման մասշտաբների չէր հասնի, եթե ի սկզբանե չլիներ արտաքին ուժերի աջակցությունը գրոհայիններին։ Հակամարտությունից, ցավոք, տուժում է խաղաղ բնակչությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը խոստովանել է, որ դա շատ նուրբ հարց է։ «Իսկ ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը՝ կառավարությու՞նը, որը ձգտում է պահպանել իր ինքնիշխանությունը եւ պայքարում է այդ հակասահմանադրական ուժերի դեմ, թե՞ նրանք, ովքեր կառավարության դեմ նման զինված պայքար են կազմակերպում»,- ասել է նա՝ նշելով, որ դա չի նշանակում, որ Սիրիայում ամեն բան լավ է, եւ բոլորն իրավացի են։ «Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ քաղաքական վերակազմավորումներ են անհրաժեշտ»,- հավելել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։



























