Քյոլնում Նոր տարվա գիշերն առավելապես ներգաղթյալների կողմից կանանց վրա հարձակումներից հետո գերմանացիները սկսել են ավելի քննադատաբար վերաբերվել փախստականներին, մեծանում է եվրոթերահավատների ժողովրդականությունը: Այդպիսին են սոցիոլոգիական INSA ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Bild-ին:
Հարցվածների 61 տոկոսը հայտնել է, որ քյոլնյան դեպքերի պատճառով ավելի քննադատական վերաբերմունք ունի ներգաղթյալների նկատմամբ: 25 տոկոսը կարծում է, որ նորեկները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, մնացածները դժվարացել են պատասխանել տրված հարցին:
INSA-ի սոցիոլոգների կարծիքով, Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական եւ Քրիստոնյա-սոցիալական միությունների բլոկի (ՔԴՄ/ՔՍՄ) օգտին կքվեարկեր հարցվածների 35 տոկոսը՝ մեկ տարի առաջվա 42 տոկոսի համեմատ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կբավարարվեր ընտրողների 21,5 տոկոսի ձայներով, ինչը 3,5 տոկոսով պակաս է, քան 2015-ի հունվարին:
Իրենց պատմության ընթացքում առավելագույն ձայներ կհավաքեին «Այլընտրանքներ Գերմանիայի համար»-ի եվրոսկեպտիկները. 11,5 տոկոսով նրանք պատմության ընթացքում առաջին անգամ կկարողանային տեղեր զբաղեցնել Բունդեսթագում: Խորհրդարանական ներկայիս ընդդիմությունը` «կանաչները» եւ Ձախերի կուսակցությունը 10-ական տոկոս ձայն կստանային:
Հարցման արդյունքները, որին Գերմանիայի 2039 քաղաքացի է մասնակցել, հրապարակվել են Քյոլնում Նոր տարվա գիշերը տեղի ունեցած դեպքերի ֆոնին: Այնտեղ մոտ հազար մարդ, առավելապես ներգաղթյալներ, հարձակում էին գործել կանանց վրա: Ներկայումս ոստիկանությունը ավելի քան 500 հայտ է ստացել, տուժածները տեղեկացնում են թալանի, վիրավորանքների եւ բռնաբարությունների մասին:



























