Ֆինլանդիայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ այս տարի ձեռնարկել է փախստականների ընդունման կենտրոնների փակման ուղղությամբ առաջին քայլերը։ Այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես փակվելու է Իիսալմի կենտրոնը, քանի որ այս պահին փախստականներին ապաստան տրամադրելու նրա ծառայությունները պահանջարկ չեն վայելում։ Միաժամանակ Ֆորսսեի կենտրոնի բնակիչներին առանձին բնակարաններ կտրամադրեն։ Իրենց գործունեությունը կդադարեցնեն Մեիկարվիայի եւ Համինեի կենտրոնները։ Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ ապաստան խնդրողների թիվը պակասել է։

«Այս տարվա առաջին օրերին ապաստան խնդրողների քանակը չափավոր է եղել։ Հունվարի 11-ին ապաստան է խնդրել 375 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից։

Ֆինլանդիայում ապրող փախստականների թիվը դեկտեմբերի վերջին պակասել է։ Եթե դեկտեմբերի սկզբին ամեն օր երկիր էր ժամանում հարյուր մարդ, ապա ամսվա վերջին՝      ընդամենը մի քանի տասնյակ փախստական։