Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին հերթական անգամ ի գիտություն չի ընդունել  Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները՝ սեպտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին Ազատության հարպարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը:

Քաղաքապետարանը ՀԱԿ-ին կրկին առաջարկել է հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում եւ նույն պատճառաբանությունը բերել՝ նշված օրերին Ազատության հրապարակում Էրեբունի-Երեւան միջոցառման նախապատրաստական աշխատանքներն են իրականացվելու։

Նշենք, որ քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել նաեւ ՀԱԿ-ի անդամ ՀՀՇ-ի կողմից  Ազատության հրապարակում սեպտեմբերի 17-ին եւ սեպտեմբերի 24-ին հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումները: ՀԱԿ-ը պատրաստվում է առաջիկայում եւս իրազեկման հերթական հայտերը ներկայացնել քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: