Յամագութի պրեֆեկտուրայի ոստիկանությունը երեքշաբթի կալանավորել է «Գոդա Իկկա» յակուձա խմբավորման ղեկավար՝ Մակոտո Սուէխիրոյին: Նրան կասկածում են անշարժ գույքի գործարքների ժամանակ միտումնավոր վնաս հասցնելու մեջ:

Խմբավորման անդամները Սիմոնոսէկի քաղաքում անշարժ գույքի ֆիրմաներից մեկի կողմից վաճառքի դրված հողատարածքի հարեւանությամբ երկու ցուցանակ ու երկու դրոշակ էին տեղադրել՝ «Տարածքը նախատեսված է խոզաբուծական ֆերմայի համար» գրությամբ: Եվ քանի որ խոզաբուծական տնտեսության կողքին հողատարածք ձեռք բերելու ցանկություն ոչ ոք չուներ, անշարժ գույքի գործակալները ստիպված են եղել 5.3 հազար քառ մետր հողատարածքը իրենց նախատեսածից մի քանի հարյուր հազար դոլարով ավելի էժան վաճառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Յամագուտի ու Ֆուկուոկա պրեֆեկտուրաների ոստիկանների ուժերով երեքշաբթի Մակոտո Սուէխիրոյի տանը խուզարկում է կատարվել: Անցած տարվա նոյեմբերին այս նույն գործով եւս մի քանի մարդ էր կալանավորվել խմբավորման ղեկավարությունից: