2016-ին հունվարի 1-ից մինչեւ 11-ը Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 18 հազար 882 ներգաղթյալ եւ փախստական, 53 մարդ զոհվել է ծովում: Այդ մասին Ժնեւում ճեպազրույցին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլլմանը:
«Միջերկրական ծովով Եվրոպա հասած ներգաղթյալների թիվն առաջին անգամ 2016-ի առաջին 11 օրերին հասել է 18 հազար 882 մարդու, նշել է նա: Միջինը օրական ավելի քան 1700 մարդ է գալիս»: Հիմնական հոսքը, ինչպես դա 2015-ին էր, այժմ էլ ուղղվում է Հունաստան, որտեղ այս տարվա սկզբից ի վեր 18 հազար 615 մարդ է եկել: Իտալիայում 257 ներգաղթյալ է գրանցվել:
Ինչպես պնդում է Միլլմանը, անցյալ տարի Հունաստան են եկել ներգաղթյալներ եւ փախստականներ ավելի քան 70 երկրից, ընդհանուր առմամբ` մոտ 850 հազար մարդ: Նրանք հիմնականում սիրիացիներ են (մոտ 476 հազար), աֆղաններ (ավելի քան 205 հազար) եւ իրաքցիներ (մոտ 87 հազար): Հունաստան եկածների թվում երկու ռուսաստանցի կա, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ (9 մարդ), Վրաստանի (3), Ղազախստանի (3), Մոլդովայի (2), Տաջիկստանի (7), Թուրքմենստանի (3), Ուկրաինայի (3) եւ Ուզբեկստանի (15): Ամենից շատ ներգաղթյալներ եւ փախստականներ են եկել սեպտեմբերին. 211 հազար 663 մարդ: Հունաստանի իշխանությունները կալանքի են առել 482 մարդու, որոնք կասկածվում են մարդկանց անօրինական տեղափոխման մեջ: Նրանց մեջ Թուրքիայի քաղաքացիներ կան (163), Սիրիայի (141), Ուկրաինայի (66), Աֆղանստանի (28), Իրաքի (17) եւ Հունաստանի (12), ինչպես նաեւ ռուսաստանցիներ, պակիստանցիներ, ալժիրցիներ, եգիպտացիներ, մեկ դանիացի եւ Դոմինիկյան Հանրապետության մեկ քաղաքացի: Ընդհանուր առմամբ 2015-ին ՄՄԿ-ի տվյալներով, Միջերկրական ծովով Եվրոպա է եկել 1 մլն 4 հազար 356 ներգաղթյալ եւ փախստական: Դա ավելի քան 4 անգամ ավելի է, քան 2014-ին, երբ եկողների թիվը կազմել էր 219 հազար մարդ:




























