Վենեսուելայի Գերագույն դատարանը խորհրդարանի բոլոր որոշումները ուժը կորցրած է համարել այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմադիր կուսակցության պատգամավորներից երեքը չեն հեռացվել աշխատանքից, տեղեկացնում է   Associated Press-ը: Գործակալության կարծիքով, դա երկիրը մոտեցնում է իշխանության համար բացահայտ պայքարի: 

Դատարանի այդ որոշումը վրդովեցրել է ընդդիմադիր կոալիցիայից խորհրդարանի անդամներին, նրանք դա կոչել են ընտրություններում իրենց պատմական հաղթանակը խարխլելու փորձ: Գերագույն դատարանի գործողությունները գնահատել են որպես  «Ժողովրդավարական միասնության կլոր սեղանին» պարզ մեծամասնությունից զրկելու փորձ: 

Հունվարի 11-ի իր որոշման մեջ դատարանը ուժը կորցրած է համարել   «բոլոր օրինագծերը, որոնք ընդունվել են կամ կընդունվեն», դրանով ազգային ժողովին զրկելով լիազորություններից:  Ընդդիմադիրներն այդ որոշումն ընկալել են որպես պետական հեղաշրջման փորձ եւ հայտարարել են, որ շարունակելու են անտեսել դատարանին, տեղեկացնում է  Lenta-ն:

Դիոսդադո Կաբելյոն, որը մինչեւ անցյալ շաբաթ ղեկավարում էր խորհրդարանը եւ մինչ այժմ համարվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյից հետո երկրում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հայտնել է, որ դատարանի որոշումն օրինական է եւ որ ընդդիմադիր առաջնորդները պիտի անմիջապես հեռացնեն այդ պատգամավորներին: 

Այսօրվա դրությամբ խորհրդարանի նոր կազմը ոչ մի օրինագիծ չի ընդունել, բայց բանավեճ է սկսել ընդդիմության ձերբակալված առաջնորդների համաներման հարցի շուրջ, որոնք իրավապաշտպան խմբերի կողմից քաղբանտարկյալ են ճանաչվել:  Բացի այդ, կոմիտե է ձեւավորվել, որը կոչված է հետաքննել դեկտեմբերի ընտրություններին սոցիալիստական կուսակցության պարտությունից անմիջապես հետո Գերագույն դատարանի  13 դատավորի հապշտապ նշանակումը:  Այդ նշանակումների փաստն իսկ ժողովրդավարական բլոկի ներկայացուցիչները գնահատում են որպես դատարանի կաշառվածության ապացույց: 

Վենեսուելայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել  2015-ի դեկտեմբերի 6-ին: 17 տարվա ընթացքում առաջին անգամ սոցիալիստական կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Նիկոլաս Մադուրոն, պարտություն է կրել: