ԱՄՆ իշխանությունները Մեքսիկայից նարկոբարոն Հոակին Գուսմանի արտահանձնման մասին հայցադիմումում նրա նկատմամբ մահապատիժ չկիրառելու մասին կետ են ներառել: Այս մասին հաղորդել է Մեքսիկայի գլխավոր դատախազության միջազգային դատական հայցերի բաժնի տնօրեն Մանուել Մերինոն:

Նրա խոսքով, «Գաճաճի» դատավարությունը կայանալու է Թեխասում, այդ թվում՝ մի քանի սպանությունների գործերով, որոնց համար նրան տեսականորեն մահապատիժ է սպառնում: Սակայն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ գոյություն ունի հանցագործների արտահանձնման համաձայնագիր, որը բացառություն է ենթադրում այն դեպքերում, եթե մեքսիկացուն ԱՄՆ-ում բարձրագույն պատժամիջոց է սպառնում: Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Մեքսիկայում Սահմանադրությամբ արգելված է մահապատիժը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ներկայում «Գաճաճն» արդեն երրորդ անգամ է հայտնվում իրավապահ մարմինների ձեռքում: Առաջին անգամ նրան ձերբակալել են 1993 թվականին, Գվատեմալայում, եւ արտահանձնել Մեքսիկային: 2001 թվականին նա փախուստի է դիմել, երբ հայտնի է դարձել նրան ԱՄՆ-ին արտահանձնելու մտադրության մասին:

13 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո նրան կրկին ձերբակալել են 2014 թվականի փետրվարին, Մասատլան քաղաքում: 2015-ի հուլիսին «Գաճաճը» կրկին փախուստի է դիմել եւ կարողացել է ազատության մեջ լինել շուրջ կես տարի: