Մարսելի Հրեական ընկերակցության ղեկավար Ցվի Ամմարը քաղաքի հրեաներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հանել թասակները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse գործակալությանը:
«Խորհուրդ եմ տալիս այս անորոշ ժամանակներում հանել թասակներն այնքան ժամանակ, մինչեւ գան լավագույն ժամանակները: Հաշվի առնելով իրադարձությունների լրջությունը՝ հարկավոր է բացառիկ լուծումներ կիրառել, եւ ինձ համար կյանքն ավելի սուրբ է, քան որեւէ այլ չափանիշներ»,- ասել է նա՝ հավատակիցներին նախազգուշացնելով իսլամականների կողմից հարձակումների սպառնալիքի մասին:
Ամմարը նման հայտարարությամբ հանդես է եկել հունվարի 11-ին տեղի ունեցած միջադեպի ֆոնին: Հիշեցնենք, որ 15-ամյա դեռահասը դանակով հարձակվել է թասակով տղամարդու վրա՝ նրան վիրավորելով մեջքի եւ ձեռքի շրջանում: Ոստիկանները ձերբակալել եւ հարցաքննել են իրավախախտին: Պարզվել է, որ նա, հնարավոր է, հոգեկան խնդիրներ ունի:



























