Ահաբեկչության, այդ թվում «Ալ Կաիդայի», իսկ հիմա նաեւ «Իսլամական պետության» դեմ պայքարը ժողովրդին պաշտպանելու առաջնահերթ խնդիր է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Կոնգրեսին ուղղված իր ուղերձում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Միաժամանակ նա նշել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարն ու Երրորդ համաշխարհային պատերազմն իրար հետ համեմատելը ձեռնտու է ահաբեկիչներին:
ԱՄՆ նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ սխալ է ահաբեկիչներին համարել աշխարհի ամենամեծ կրոններից մեկի ներկայացուցիչներ: «Մենք պետք է նրանց անվանենք այնպես, ինչպիսին նրանք իրականում կան՝ մարդասպաններ, մոլեռանդներ, որոնց պետք է անկյուն քշել, արմատախիլ անել ու ոչնչացնել»,-հավելել է Օբաման:
Նա ընդգծել է, որ մեկ տարուց ավելի է, որ ԱՄՆ-ը ահաբեկիչների դեմ պայքարի կոալիցիա է ստեղծել, որում ընդգրկվել են 60 երկրներ եւ հասցրել 10 հազար հարված, այդ թվում խմբավորման ղեկավարության, ճամբարների եւ նավթային օբյեկտների ուղղությամբ:




























