ԱՄՆ հանրապետական կուսակցությունը քննադատել է Կոնգրեսին ուղղված երկրի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: Պաշտոնական պատասխանով հանդես է եկել Հարավային Քարոլինայի նահանգապետ Նիքի Հեյլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարին ավելի լավ հաջողվում է պերճախոս խոսել: «Դժբախտաբար, Օբամայի ձեռքբերումները հաճախ չեն համապատասխանել նրա վերամբարձ ելույթներին»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
«Ամենավատն այն է, որ մենք բախվում ենք սեպտեմբերի 11-ից հետո ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին, եւ այս նախագահն, ամենայն հավանականությամբ, չի ուզում կամ չի կարողանում լուծել խնդիրը»,-հավելել է նահանգապետը՝ հավելելով, որ Օբաման հակված է չարաշահել վերամբարձ արտահայտությունները:
Նշենք, որ Բարաք Օբաման հունվարի 12-ին հանդես է եկել Կոնգրեսին ուղղված «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձով, որտեղ մասնավորապես խոսել է պետության հզորության աճի մասին եւ խնդրել է թույլ տալ ԱՄՆ զորքերն օգտագործել «Իսլամական պետության» դեմ պայքարում:
«Ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել մեզ կամ մեր դաշնակիցների վրա, որովհետեւ նրանք գիտեն, որ դա կործանման ուղի է: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր դիրքերը ողջ աշխարհում հիմա ավելի ուժեղ են, քան այն ժամանակ, երբ ես ընտրվեցի այս պաշտոնում»,-հավելել է նա:



























