Բելգիայի Պաշտպանության նախարարությունն առաջարկել է մինչեւ 2030 թ. երկրի զինված ուժերի թվակազմը ներկայիս 32 հազարից հասցնել 25 հազարի, գրել է Vif ամսագիրը:
Ամսագրի տեղեկություններով՝ ազգային ԶՈւ արդիականացման ռազմավարական ծրագիրը, որն արդեն հաստատվել է Բելգիայի վարչապետի ու նրա տեղակալների կողմից, նախատեսում է 9.2 մլրդ եվրոյի չափով ներդրումներ, որոնց հաշվին ծրագրում են գնել 34 նոր կործանիչ- ռմբակոծիչ, երկու ֆրեգատ ( մարտական էսկորտային ու բազմանշանակետ նավեր-խմբ.), վեց ականային տրալեր ու վեց անօդաչու թռչող սարք:
Պաշտպանության նախարարության առաջարկի համաձայն՝ 2016 թ. բելգիական բանակի թվաքանակը պետք է կրճատվի մինչեւ 30 հազար 820 զինվորական, վարձկան ու քաղաքացիական անձ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչ վերաբերում է պաշտպանական բյուջեի միջոցներին, ապա պաշտպանության նախարարությունն առաջարկել է ավելացնել ներկա ցուցանիշը, որը ՀՆԱ մեկ տոկոսից էլ քիչ է ՝ մինչեւ 2030 թ. այն հասցնելով 1.3 տոկոսի: Սա այն դեպքում, որ ՆԱՏՕ-ն, որի անդամն է Բելգիան, պահանջում է, որ պաշտպանական ծախսերը ՀՆԱ առնվազն 2 տոկոսը կազմեն: Բելգիայի ԶՈւ գործողությունների հրամանատար, գեներալ -լեյտենանտ Մարկ Կոմպերնոլը ավելի վաղ արդեն մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ բելգիական բանակը զորավարժություններ անցկացնելու համար բավարար միջոցներ չունի: Դրա հետեւանքով, նրա խոսքով, «մեր զորքերը նվազ պատրաստված են ու իրական գործողությունների ժամանակ դրանց անվտանգությունը սպառնալիքի տակ է»:



























