Գերմանիայի կառավարությունը մտադիր է խստացնել միգրանտների համար կանոնները ու ավելի շատ արտաքսել օրենքը խախտած փախստականներին: Այս մասին հայտնել է Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Երկրից արտաքսվածների քանակը կաճի օրենքի այն փոփոխությունների պատճառով, որոնք ընդլայնում են արտաքսման համար հիմքերը», - պատմել է Մաասը ARD հեռուստաալիքի եթերում: Նա պարզաբանել է, որ հիմա միգրանտը կարող է երկրից արտաքսվել առողջության ու սեռական ազատության նկատմամբ ոտնձգությունների, նաեւ՝ ոստիկանության աշխատակիցներին դիմադրելու կամ էլ ունեցվածքը փչացնելու դեպքերում:

Ըստ գործող կանոնների՝ նման իրավախախտումների համար հիմնականում պայմանական ժամկետներ են սահմանված, դրա համար էլ հանցագործներին չեն արտաքսում երկրից: Այդուհանդերձ, այսուհետ նույնպես չեն արտաքսի այն երկրից եկած միգրանտներին, որտեղ պատերազմներ են ընթանում ու որտեղ վերադառնալու դեպքում՝ նրանց կտտանքներ ու մահապատիժ է սպասվում: Նախարարը նշել է, որ օրենսդրությունը փոխելու որոշումը իշխանությունները կայացրել են Քյոլնում կանանց վրա կատարված հարձակումներից հետո: