Ցանցահենները Հոկայդոյի Ճապոնական համալսարանի սերվերներից գողացել են մոտավորապես 112,6 հազար ուսանողի եւ շրջանավարտների տվյալները: Այդ մասին տեղեկացրել է ԲՈՒՀ-ի ղեկավարությունը: Առկա տեղեկատվության համաձայն, տվյալների արտահոսքի պատճառը եղել է համալսարանի սերվերներից մեկին չթույլատրված մուտքը, որում տեղեկություններ էին պահվում ուսանողների եւ շրջանավարտների կարիերայի մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Անձնական տվյալներն իրենց մեջ ներառում են ուսանողների անուններ, հասցեներ եւ ծննդյան թվեր, ինչպես նաեւ տեղեկություններ մոտ 1,6 հազար ընկերության մասին, որոնք զբաղվել են վերջիններիս աշխատանքի տեղավորմամբ: Տվյալների հնարավոր արտահոսքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 27-ին սերվերից սպամ է ուղարկվել: Հունվարի 4-ին համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ տվյալների բազային մի քանի անգամ միացել են անհայտ անձինք այլ սերվերներից, այդ թվում նաեւ` արտասահմանից:
Անցյալ տարի կիբերհանցագործները զգալիորեն ակտիվացրել են իրենց գործունեությունը Ճապոնիայի նկատմամբ: Այսպես, բազմաթիվ կիբերգրոհների արդյունքում գողացվել են առնվազն 2,07 մլն մարդու տվյալները, ցանցահենների գրոհների է ենթարկվել մոտ 140 կազմակերպություն: Անցյալ տարում ամենախոշորը դարձել է Ճապոնական կենսաթոշակային հիմնադրամի սերվերների ջարդումը, ինչի հետեւանքով ցանցահենների ձեռքում են հայտնվել տեղի մոտավորապես 1,25 բնակչի թոշակային հաշվեհամարները: Արդյունքում երկրի կառավարությունը հաստատել է կիբերհանցագործության դեմ պայքարի նոր ռազմավարությունը: Այն ենթադրում է, որ կիբերգրոհների դեմ պայքարի հիմնական միջոցը կդառնա պետական կարեւորություն ունեցող ամբողջ տեղեկատվությունը «անցանց» պահելը, ինչն անհնար կդարձնի համացանցի միջոցով դրա գողությունը:


























