Գերմանական դատախազությունը 3 տղամարդու եւ 1 կնոջ մեղադրել է աջ-ծայրահեղական ահաբեկչական խմբավորում ստեղծելու եւ ահաբեկչություններ ծրագրելու մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի գլխավոր դատախազությանը:
Մեղադրյալներին ձերբակալել են դեռեւս անցյալ տարվա մայիսի սկզբին: Հետաքննության տվյալներով, նրանք Oldschool Society (OSS) անվանումով ահաբեկչական կազմակերպություն են ստեղծել եւ հարձակումներ ծրագրել մզկիթների եւ փախստականների համար նախատեսված կենտրոնների վրա: Մայիսին անցկացված խուզարկությունների ժամանակ պայթուցիկ նյութեր, հրավառության հզոր տեխնիկա էր հայտնաբերվել: Խմբի անդամները միմյանց հետ հիմնականում համացանցով են շփվել:
Նրանց հետեւելու ընթացքում իրավապահները հանգել են եզրակացության, որ կասկածյալները կարող են իրականացնել իրենց ծրագրերը, արդյունքում որոշվել է թույլ չտալ դա:



























