Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհրաժեշտ է համարում շարունակել սերտ համագործակցությունն Էր-Ռիադի հետ՝ չնայած Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին եւ ահաբեկչական խմբավորումներին անդամակցության ու ահաբեկչությունների իրականացման մեջ մեղադրվող 47 հոգու մահապատժին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է՝ պատասխանելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամների հարցերին:
Ըստ DPA-ի, Մերկելն ընդգծել է, որ «տարածաշրջանում արդեն բավականաչափ անկայուն պետություններ կան»: Կանցլերը նկատել է, որ Գերմանիայի կառավարությունը միշտ ձեռնպահ է մնացել հապշտապ արձագանքից, եւ մատնանշել սիրիական խնդրի կարգավորման ջանքերում Էր-Ռիադի դերը:
Վերջին անգամ Բունդեսթագի պաշտպանության հարցերի հանձնաժողովում Մերկելը ելույթ է ունեցել 2006 թվականին:



























