Հունվարի 13-ին Իսլամաբադում ARY News մասնավոր հեռուստաալիքի գրասենյակի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով վիրավորվել են խմբագիրն ու գրասենյակի անվտանգության պահպանության աշխատակիցը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պակիստանի ՆԳ նախարարությանը:

Դիմակներով երկու ահաբեկիչներ հեռուստաալիքի շենք ինքնաշեն պայթուցիկ եւ թռուցիկներ են նետել, այնուհետեւ փախուստի դիմել: Ռումբը վնասել է դուռը, գրասենյակի նախասրահը, ինչպես նաեւ մոտակայքում կայանված մի քանի մեքենաներ եւ մոտոցիկլետներ:

Թռուցիկներում հաղորդվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնում է ԻՊ-ն: Այդպիսով, իբր, խմբավորումը հեռուստաալիքի թղթակիցներին պատժում է 2014 թվականի հունիսից ի վեր իսլամիստական խմբավորումների եւ աֆղան զինյալների դեմ «Զարբ է Ազբ»-ի գործողությունները լուսաբանելու համար:

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է ուժեղացնել ARY News-ի գրասենյակի պահպանությունը: