Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են միջազգային կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումը հաստատվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ջրածնային ռումբի փորձարկման մասին Հյուսիսային Կորեայի ղեկավարության հայտարարության հետ կապված երկու երկրների նախագահները նշել են, որ եթե փաստը հաստատվի, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի կոպիտ խախտում կհամարվի եւ պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: