Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հանդես է եկել դիմումով տեղի հեռուստատեսությամբ եւ Ջակարտայում այսօր՝ հունվարի 14-ին տեղի ունեցած պայթյունների շարքն ահաբեկչություն է անվանել: «Մեր ազգը, մեր ժողովուրդը չպետք է վախենա: Մեզ չեն կարող հաղթել նման ահաբեկչական հարձակումներով»,-ասել է նա, հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում այսօր՝ հունվարի 14-ին, պայթյունների շարք է որոտացել, այդ թվում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Առաջին տվյալներով, մահացել է առնվազն 6 մարդ, որոնցից երեքը՝ ոստիկաններ, երեքը՝ քաղաքացիներ:
Այլ տվյալներով, պայթյունների հետեւանքով մահացել է 7 մարդ, այդ թվում 4 հարձակվողները: Բացի այդ, Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանում նաեւ կրակոցների ձայներ են լսվում. Ոստիկանությունը գրոհում է շենքերից մեկը, որտեղ կարող էին թաքնվել գրոհայինները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: