Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնում է բարդ ժամանակներում։ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես հարթակ երկխոսության եւ վստահություն ստեղծելու համար։ Այս մասին ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ստամբուլի ահաբեկչությունը, Մերձավոր Արեւելքի ճգնաժամը եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնում է բարդ ժամանակներում։ Ես վստահ եմ, որ հենց հիմա ԵԱՀԿ-ն մեզ անհրաժեշտ է որպես հարթակ երկխոսության եւ վստահություն ստեղծելու համար»,- նշել է նախարարը։
«Եթե մենք երկարաժամկետ հեռանկարով ցանկանում ենք հասնել ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովմանը, ապա դա հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել եղած բոլոր ֆորումները կարծիքներ փոխանակելու եւ հատկապես ԵԱՀԿ-ում փոխհամաձայնության հասնելու համար»,- արձանագրել է նախարարը։
Շթայնմայերի խոսքով՝ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ հնարավորությունները հակամարտության ողջ ցիկլի ընթացքում՝ սկսած դրա նախազգուշացումից եւ կանխումից, ճգնաժամային կառավարումից մինչեւ դրան հաջորդող հետճգնաժամային շրջանում դիտարկումը։ Նախարարը նշել է, որ ուշադրության կենտրոնում է լինելու Ուկրաինայում ԵԱՀԿ գործունեությունը։ «Մենք նաեւ մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը եւ տեղերում ԵԱՀԿ առաքելության ակտիվացմանը»,- ասված է հայտարարության մեջ։
«Վերջինս օրերը նորից ցույց են տալիս, որ միջազգային ահաբեկչությունն իրենից վտանգ է ներկայացնում ԵԱՀԿ բոլոր պետությունների համար։ Մենք այդ պատճառով ուզում ենք միասին աշխատել բոլոր հարթակներում ահաբեկչության հակազդեցության համար»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Շթայնմայերը մեկնել է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում կներկայացնի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ծրագիրը։ Հունվարի 1-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Սերբիայից անցել է Գերմանիային։




























