Դաշնային դատարանը 78 ամսվա ազատազրկման է դատապարտել Լոս Անջելեսի բնակիչ Հովիկ Սիմիթյանին` նրան պարտավորեցնելով Medicare ծրագրին վերադարձնել գողացված մոտ 1,7 մլն դոլարը, գրում է hayinfo լրատվական պորտալը:
Լոս Անջելեսում 48-ամյա Սիմիթյանին փաստացիորեն պատկանում էին Columbia Medical Group Inc., Life Care Medical Clinic եւ Safe Health Medical Clinic բժշկական կլինիկաները, որոնք տեղակայված էին Նորտ Վերմոնտ պողոտա № 1211 շենքի երկու գրասենյակում: Կլինիկաները որպես կորպորացիաներ ձեւակերպված էին արտոնագիր ունեցող բժիշկների անուններով, իսկ փաստական տերերը նշված էին որպես մենեջերներ: Սիմիթյանին ձերբակալել էին 2014-ի հոկտեմբերի 8-ին եւ մոր` Մարի Սիմիթյանի վճարած 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ էին արձակել: Հովիկ (նույն ինքը` Ջոն) Սիմիթյանի հետ ձերբակալվել էր այդ հիվանդանոցների համասեփականատեր եւ մենեջեր 49-ամյա Անահիտ (նույն ինքը` Աննա եւ Էնն) Շատվորյանը Գլենդելից, նրանց մեղադրել էին առողջապահության համակարգում խարդախության եւ հետվճարումների նպատակով հանցավոր համաձայնության համար:
Ինչպես պնդում էր Կալիֆորնիայի կենտրոնական օկրուգի դաշնային դատախազությունը, մոտավորապես 2010-ի փետրվարից մինչեւ 2014-ի հունիսը Սիմիթյանն ու Շատվորյանը միջնորդներին անօրինական հետվճարումներ էին անում, որպեսզի վերջիններս իրենց կլինիկայում Medicare-ի ապահովագրությամբ բուժվել ցանկացողների գտնեն: Միջնորդները, որոնցից մեկը գործով անցնում է որպես ՀՀ-1 (Հանցակից-1) մեկնում էին Կալիֆորնիայի հարավ` Սիմիթյանի եւ Շատվորյանի համար հիվանդներ հավաքագրելով եւ նրանց բերելով այդ հիվանդանոցներ:
Այնտեղ մեկնելու համաձայնության դիմաց նրանց խոստանում էին բժշկական անվճար սարքավորումներ, իսկ երբեմն` կանխիկ փող: Հիվանդների հավաքագրման դիմաց Սիմիթյանը եւ Շատվորյանը վճարում էին կլինիկաների չեքերով` նշելով, որ դա հիվանդի տեղափոխման վարձն է: Գործում նշված է, որ ՀՀ-1-ը 2011-ի հուլիսից մինչեւ 2013-ի փետրվարը 5 նման չեք է ստացել` 300, 550, 800, 950 եւ 400 դոլարի: Հավաքագրված հիվանդները կլինիկաներում տարբեր պրոցեդուրաներ էին անցնում, ներառյալ` արյան անալիզ, ԷԿԳ, անորեկտալ մանոմետրիա եւ նյարդային անցողիկության թեստեր: Այդ ամենում, ինչպես ընդունված է գրել նման գործերով մեղադրանքներում, «կամ բժշկական անհրաժեշտություն չկար, կամ էլ այդ պրոցեդուրաներն ընդհանրապես չէին կատարվում», բայց դրանց դիմաց հաշիվներ էին ներկայացվում Medicare-ին: Մեղադրանքում թվարկված է 15 նման հիվանդ M.R, F.D., J.F.B., O.E. եւ այլ անվանատառերով: Դատախազության տվյալներով, վերոհիշյալ ժամանակահատվածի ընթացքում Սիմիթյանի եւ Շատվորյանի երեք հիվանդանոցները ընդհանուր 4,526,791 դոլարի նման հաշիվներ են ներկայացրել եւ ստացել են 1,668,559 դոլար:
Ազատազրկումից բացի, դատարանը Հովիկ Սիմիթյանին դատապարտել է ազատվելուց հետո երեք տարվա վարչական վերահսկողության բազմաթիվ պայմաններով, որոնց խախտումը նոր ազատազրկմամբ է սպառնում: Երեք տարվա ընթացքում Սիմիթյանը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած վերահսկվող նյութից եւ ազատումից հետո 15 օրվա ընթացքում թմրաբանական թեստ անցնել, այնուհետեւ կանոնավոր կերպով նման թեստեր անցնել, բայց ամիսը 8 անգամից ոչ ավելի:
Դատավճռի պայմաններով Սիմիթյանը հրաժարվել է բողոքարկման իրավունքից: Հիմնական պատիժը կրելու համար դատավորը բանտերի դաշնային բյուրոյին խորհուրդ է տվել Սիմիթյանին տեղավորել Լոս Անջելեսի ծոցում` Սան Պեդրոյի եւ Լոնգ Բիչի արանքում գտնվող կղզու` Թերմինալ Այլենդի բանտում (FCI Terminal Island), եւ Հովիկ Սիմիթյանը պիտի կամավոր այնտեղ ներկայանա փետրվարի 16-ին, իսկ նրա համար վճարված գրավը կվերադարձնեն մորը:
Ի տարբերություն Հովիկ Սիմիթյանի, նրա հանցակից Անահիտ-Աննա Շատվորյանը բանտում է եւ գրանցված է № 68239-112 դաշնային համարով, որի վրա նշված է. «ազատման ժամկետն անհայտ է»: Այնտեղ նշված է նաեւ, որ նրան պահում են ոչ դաշնային բանտում, բայց հեղինակավոր լրատվական mynewsla.com կայքը հունվարի 4-ին հայտնել է, որ «Շատվորյանն իրեն մեղավոր է ճանաչել հանցավոր համաձայնության համար եւ անցյալ ամիս դատապարտվել է չորս տարի երեք ամսվա ազատազրկման»:



























