Եվրամիությունը որոշել է փախստականների համար պատասխանատվության մի մասը դնել Թուրքիայի վրա, որպեսզի ձեռքերը չկեղտոտի, իսկ Անկարան դրա շնորհիվ չափազանց մեծ իշխանություն է ստացել, կարծում է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
«Մենք պիտի Թուրքիային փոխանցենք միայն այն խնդիրները, որոնց համար թուրքական կողմի մասնակցությունը բացարձակապես անհրաժեշտ է, այն է` ներգաղթյալներին ապաստանի տրամադրումը: Բայց երբ ԵՄ-ն Անկարային է փոխանցում ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման պարտականություններ, էական կախվածություն է առաջանում, որն իմ կարծիքով շատ վտանգավոր է», - գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում հայտնել է Կուրցը:
Կուրցի խոսքով, շատ քաղաքական գործիչներ վախենում են, թե սահմանակից տարածքի վերահսկողությունը առանց բռնության կիրառման չի լինի: Սակայն ԵՄ-ը չի կարող ուղղակի վերցնել եւ այդ «կեղտոտ աշխատանքը» դնել Թուրքիայի վրա, որպեսզի ինքը չկեղտոտվի: Այսպես թե այնպես, փախստականների հետ կապված իրավիճակն առանց «դաժանության տգեղ պատկերների» չի լինի, նշել է նա:
Անկարայի հետ համագործակցությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության ամենակարեւոր տարրն է, սակայն Թուրքիան այդ ճգնաժամի կարգավորման ոչ մի գործուն փորձ չի ձեռնարկում: Կուրցի կարծիքով, Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ԵՄ-ի հետ պայմանավորվածություններն օգտագործում է որպես ԵՄ-ի վրա լրացուցիչ լծակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Թուրքիայիում 3 մլրդ եվրոյի չափով փախստականների հիմնադրամ ստեղծելուն, որոնցից ինքը` ԵՀ-ն կտրամադրի 500 մլն եվրո, մնացած 2,5 մլրդ եվրոն պիտի հավաքեն ԵՄ-ի երկրները:
ԵՄ «Ֆրոնտեքս» սահմանային գործակալության վերջին տվյալների համաձայն, 2015-ի առաջին 10 ամիսներին Եվրամիության երկրների տարածք է եկել մոտ 1,2 մլն ներգաղթյալ: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ աշխարհում միգրացիոն ճգնաժամը Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ամենախոշորն է:



























