Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել: Այս մասին, այսօր՝հունվարի 14-ին, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը եւս իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը: ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, որի արդյունքում եղել են ձեռքբերումներ տարբեր ոլորտներում: Նախագահը կարեւորել է ՀՀ տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Չարլզ Կուպչանը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը աշխարհում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում ստանձնած միջազգային պարտավորություններին եւ գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանն այդ առումով պատրաստակամ է նպաստել ՆԱՏՕ-ի միջազգային եւ բազմակողմ ձեւաչափով այլ կազմակերպությունների ջանքերին: