Իտալիայից եւ Ռուսաստանից հնագետների խումբը Սուդանի տարածքում գտնվող Աբու Էրթեյլ գյուղում հետաքրքրագույն գտածոներ է հայտնաբերել. երկրի հնագույն իրերի ծառայությունը դրանք նույնիսկ կոչել է տասնամյակի խոշորագույն գյուտը: 

Ռուս-իտալական խումբը Սուդանի տարածքում աշխատում է 2009-ից ի վեր`  վկայություններ փնտրելով հնագույն պետության մասին, որը գոյություն է ունեցել ժամանակակից Սուդանի հյուսիսում` մթա 1-ին հազարամյակից մինչեւ 4-րդ դարը:  

Խոսքը Կուշ թագավորության մասին է, որը պատմության մեջ հայտնի է որպես Մերոիտյան պետություն Մերոե մայրաքաղաքով, տեղեկացնում է  Informing-ը:

Ամեն տարի գիտնականներին հաջողվում է նորանոր արտեֆակտեր հայտնաբերել, որոնք թույլ են տալիս շատ պատմական փաստեր իմանալ հնագույն պետության մասին: 

Վերջին գտածոների թվում է սրբազան մակույկի հիմքը, որը գտնվել է հրդեհի կողմից ոչնչացված տաճարի կենտրոնում:  Տոն օրերին աստվածության արձանով նավակը դուրս էին բերում ծիսական երթերին մասնակցության համար:  

Հնագետներն ավերակների խորքում հայտնաբերել են նաեւ հիերոգլիֆային գրություններով բազալտե խորան: Այդ գտածոյի մեջ ամենաթանկարժեքը գրությունն է, որը կարող է տեղեկություններ տալ հին աշխարհում թագավորության կապերի մասին: 

Գրությունն արվել է եգիպտական հիերոգլիֆների օգտագործմամբ, որոնք մերոիտները փոխառել էին իրենց լեզվի համար, որն այսօրվա դրությամբ ամբողջությամբ անհետացած է համարվում: Ներկայումս  գիտնականներն արդեն զբաղվում են դրա վերծանմամբ: